10 բան, որ կարելի է անել Վանաձորում

vanadzor

1. «Գործարանների փողոց»

Վանաձոր քաղաք մտնող ճանապարհը շատ տպավորիչ է․ այն անցնում է խորհրդային միության ժամանակներից պահպանված տասնյակ գործարանների, արտադրամասերի կողքով։ Տեղացիները, որոնց համար սովորական է աշնանային քաղաքի անցյալի շունչը, անտարբերությամբ են վերաբերվում գործարանային քնած քաղաքին։ Սակայն, երբ առաջին անգամ ես այցելում Վանաձոր և եթե սիրում ես պատմություն, արդյունաբերական քաղաքներ, այս հսկայական շինությունները շատ հետաքրքիր և ազդեցիկ կարող են թվալ։ Սա աշխարհում ընդունված ստալկեր-տուրիզմի ձև է։
Դեմիրճյան փողոցի սկզբից եթե քայլեք բարդիների պուրակով կզմայլվեք հսկա երբեմնի արդյունաբերական քաղաքի անցյալով։

2. Լաչինի շուկա

Թթվի, ձկան, գյուղական պանրի անուշահամ բույրը Ձեզ կբերի Լաչին: Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց քաղաքային այս շուկայի անվանումը տեղացիրները դրել են Լաչին, իբրև թե գտնվում է շենքերի արանքում և նման է Լաչինի լեռնանցքին։
Այս շուկան Հայաստանի եզակի պահպանված մշակութային շուկաներից է, որտեղ հարևան գյուղերից հենց գյուղացիներն են բերում և վաճառում իրենց բերքն ու բարիքը։ Բացի այդ Լաչինի տարածքում է գտնվում նաև Փակ շուկան, որը նման է Երևանի Փակ շուկային, բայց ամբողջովին հին պահպանված տեսքով։ Լաչինը կոլորիտային վայր է, որտեղ կարելի է գտնել Լոռվա բնության բարիքներից՝ մորի, ազնվամորի, տարատեսակ սնկեր, ուտելի բույսերի զանազանություն և այլն։

3. Հնաոճ իրերի խանութ

Հնաոճ իրերի խանութ-սրահը Վանաձորի գողտրիկ անկյուններից մեկն է։ Սա մշակութային, հնաոճ իրերի, եզակի գործերի, պատմության և հանգիտության ուրույն կենտրոն է։ Քաղաքում, չզարմանաք, բայց շատերը ծանոթ չեն այս վայրի մասին։ Այստեղ կարող եք գտնել խորհրդային տարիների մետաղադրամներ, ձեռագործ հուշանվերներ, քանդակներ, նկարներ, մոմակալներ և այլ իրեր։ Խանութը փոքր է և կախարդական վայր է․ մտնում ես ու չես ուզում այլևս դուրս գալ։
Հնաոճ իրերի խանութի հիմնադիր նկարիչ, քանդակագործ Հովսեփ Մեսրոպյանը պատմում է հնագիտական աշխատանքների ժամանակ Դիմաց-Մեղրուտ դամբարանադաշտում գտնված 5000 տարեկան կավե սափորի մասին, որն այժմն գտնվում է իր մոտ։

4. Ցարական դուռ

Թերևս շատ հիշատակություններ չկան այս դռան մասին։ Այն պահպանվել է 1906 թվականից․ բարեբախտաբար դռան հետևում բնակվող տան բնակիչները հոգատար են գտնվել և ամբողջովին պահպանել են ցարական թագավորության ժամանակներից մնացած այս դուռը։ Իրենց խոսքերով սա եղել է զինվորական տեղամասի դուռը։ Այն այժմ իբրև հնություն կարելի է դասել պահպանվող մշակութային վայրերի շարքին։

5. Թայիրովի ամառանոց

Թաիրովի ամառանոցը կառուցվել է 1895 թվականին և եղել է հայազգի մեծահարուստ գինեգործ Վասիլ Թայիրովի ամառանոցը։ Խորհրդային տարիներին եղել է Կիրովական քաղաքի «Հայաստան» առողջարանի մասնաշենք։ Շենքը 1999 թվականին վերանորոգվել է Գուգարաց թեմի առաջնորի կողմից, և ներկայումս ծառայում է Գուգարաց թեմի առաջնորդարան։

6. Ունիվերսամ

Որտեղ նկարվել հարցին մենք կպատասխանենք այստե՛ղ՝ լքված Ունիվերսամի հսկա ցուցանակի տակ։ Եթե ռետրոյի, պատմության, հին ցուցանակների և հայկական տառատեսակների սիրահար եք, սա այդ վայրն է Ձեր այցելությունը Վանաձորում անմահացնելու համար։
Ունիվերսամը գտնվում է կենտրոնից 2-3կմ հեռավորության վրա՝ Դիմաց թաղամասում։ Այն լքված և անմխիթար վիճակում է, ինչպես Վանաձորի բազում շինություններ, սակայն այստեղ լուսանկար ունենալը պարտադիր է։

7. Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ) ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:
Կենտրոնի առաքելությունն է քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:
Եթե այցելեք ՎՏԿ, նախապես կապ հաստատեք Աննա Հովհաննիսյանի հետ, ով կենտրոնի պատասխանատուն է, և նա սիրով Ձեզ կուղեկցի շինության տարբեր սենյակներով և կներկայացնի կենտրոնի մասին։ Չմոռանաք լուսանկարվել տանիքում, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում։ Եվ անպայման իջնելուց օգտվեք նորաոճ ոլորանաձև դեղին ինդուստիրալ աստիճաններից։

8. Թթու ջուր

1970-ական թթ․ Կիրովականում լուր տարածվեց, թե «Ավտոգենմաշ» գործարանի տարածքում «թթու ջուր» է հայտաբեվել։ Այդ ջուրը քաղաքի բնակիչներին հասանելի դարձնելու համար գործարանի ղեկավարությունը մի խողովակ հանեց պարսպից դուրս՝ Տանձուտ գետի առափնյա փողոց։ Մասնագիտական ուսումնասիրությունները պարզեցին, որ «Թթու ջուր» բուժիչ հատկություններով օժտված ջուր է։ Հետագայում նույն տեղում կառուցվեց «Թթու ջուր», որը դարձավ քաղաքը բնորոշող հուշարձաններից մեկը․ անձամբ կիրովականցիների համար` ամեն երեկո ուխտելու և ծարավը հագեցնելու վայր։
Սա համեղ և բուժիչ ջուր է, բնակիչներն ամեն օր օգտվում են այս համեղ ջրից։

9. Վարպետ Մեհրաբի տունը

Բոլոր վանաձորցիների կողմից սիրված վարպետ Մեհրաբը՝ իրական անունը Մեհրաբ Միրզախանյան, եղել է քաղաքի աղբյուրների քարտաշ-վարպետը։ Իր ձեռքին են պատկանում բազմաթիվ աղբյուրներ Լոռվա մարզի տարբեր բնակավայրերում։
Ժողովուրդը վարպետ է կոչել 77-ամյա քարտաշ Մեհրաբին: Թվով 40 հուշաղբյուր է կառուցել Մեհրաբը: Քառասուն աղբյուր լեռներում և կիրճերում, ճանապարհների խաչմերուկներին, գյուղերում և քաղաքներում: Շուրթից շուրթ ավանդվում է խոսքը` «Մեհրաբի աղբյուր»: Դա նշանակում է հավերժական աղբյուր։
Իր ձեռքով կառուցած տանը այժմ բնակվում են Վարպետ Մեհրաբի ժառանգները։ Տունը գտնվում է Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում։ Այն իր զարմանահրաշ քանդակներով ոչ մի անցորդի անտարբեր չի թողնում։

10. «Անի» կինոթատրոն

Եթե հնության սիրահար եք, ապա այս կինոթատրոն այցելելը Ձեզ կտանի կես դար առաջ խորհրդային տարիներ։ Կինոթատրոնը պահպանել է բնօրինակ վիճակը։ Թեպետ վերին հարկը սեփականատերերը հյուրանոցային սենյակների տեղ վարձակալմամբ տրամադրում են, սակայն կինոթատրոնը գործում է։ Իհարկե իր ոճի մեջ կինոդարանն աղքատիկ է, սակայն արժե ընկերներով այցելել և պատվիրել նախընտրած ֆիլմը։ Կամ ավելի լավ, եթե ֆիլմը Ձեզ հետ վերցնեք DVD տարբերակով։
Նյութի հեղինակ՝
«Բու լեռնահեծանվային պարկ» զբոսաշրջության զարգացման ՀԿ-ի հիմնադիրներ՝
Էմմա Պետրոսյան, Վաղինակ Կարապետյան
Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն