Գանձասարի պատմությունը

Գանձասարի պատմությունը

Գանձասարը 10-13րդ դարերի վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։

Գանձասար վանական համալիրն իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։

Չքնաղ Գանձասարի վանքը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։

Գանձասարի կաթողիկոսություն

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216թ – 1238թ Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Գանձասարը 1400 – 1816 թթ. Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին:

Ղարաբաղի մելիքությունների ազատագրական պայքար

XVII–XVIII դարերում Գանձասարի կաթողիկոսներն աջակցել են Ղարաբաղի մելիքությունների ազատագրական պայքարին, իսկ XVIII դարի սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Արցախի և Սյունիքի ազատագրական շարժման գործիչները:

Մինչև Ղարաբաղի միացումը Ռուսաստանին (1813 թ.) Գանձասարը շարժման կենտրոնն էր: 1815 թ-ին Ռուսաստանի ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացվել է, և նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը 1836 թ-ին դարձել է Շուշին:

Գանձասարի քանդակները

Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է, որն աչքի է ընկնում հարուստ հարդարանքով:

Նիստերը մշակված են պատկերաքանդակներով, լուսամուտների քանդակազարդ պարակալներով, կողերը շեշտված են նուրբ որմնասյուներով:

Հասան Ջալալ Մեծի Ուխտը

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին Հովասափ Միայնակեցին 1240 թվականին արձանագրել է Հասան Ջալալ Մեծի Ուխտը։ Ըստ Հասան Ջալալլ Մեծի 27 տողից բաղկացած կտակի՝ երբ սկսվում է Գանձասարի կառուցումը և քարագործ վարպետները հասնում են արևելյան լուսամուտին, մայրը՝ Խորիշահը, Աբգար թագավորի կնոջ՝ Հեղինեի նման, գնում է Երուսաղեմ և մինչև իր կյանքի ավարտը ճգնում է Սուրբ Հարություն տաճարում։ Ըստ իր կտակի՝ նա եկեղեցիներին ազատում է հարկերից և միաբանության կամքով և Աղվանքի Ներսես կաթողիկոսի հայրապետությամբ նշանակում Սուրբ Պատարագներ։

Գանձասարի վանքի մասին

1546 թ-ին Սարգիս կաթողիկոսն ընդարձակել է վանքի կալվածքները, 1551 թ-ին նորոգել է եկեղեցին: 1898 թ-ին Անտոն վարդապետը վանքի արևելյան կողմում կառուցել է դպրոցի երկհարկանի շենքը, 1907 թ-ին նորոգվել են գավթի տանիքն ու զանգակատունը: 1923 թ-ից Գանձասարի վանքը չի գործել: Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաբացվել է 1988 թ-ին: 1992 թ-ին ԼՂՀ ներխուժած ադրբեջանական զինվորներն ավերել են վանքի արևելյան կողմի շինությունները, որոնք վերանորոգվել են 1993– 1998 թթ-ին:

Այս վանքում կաթողիկոսների հետ հանդիպումներ են ունեցել 16-17-րդ դարերի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այստեղ շատ հիշարժան գրքեր են գրվել՝ 15-րդ դարում Մատթեոս Մոնողոնի տաղերի ժողովածուն, որտեղ ներառված է Ալեքսանդր Մակեդոնացու չափածո պատմությունը, իսկ 18-րդ դարում՝ Հովհաննես Բ կաթողիկոսի «Դատաստանագիրքը»։

Գանձասարի համալիրում են Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (որի խորանում թաղված է Հովհաննես Մկրտչի գլուխը), գավիթը (1261 թ-ին հիմնադրել են Հասանը և նրա կինը` Մամքանը, ավարտել է նրանց որդի Աթաբակը 1266 թ-ին), պարիսպները (XVII դար), բնակելի խցերը, թաղածածկ սեղանատունը, դպրոցի երկհարկանի շենքը: Համալիրից հարավ հին գերեզմանատունն է:

 Գանձասարի ժայռակերտ առյուծը

Գանձասարի վանքի մոտ գտնվում է ժայռակերտ առյուծը: Առյուծի ժայռաքանդակի ստեղծման մտահղացումը եղել է 2006 թվականից։ Նկարիչ Արամ Ավագյանը առյուծի քանդակի վրա սկսել է աշխատել 2007թվականից։ Այն կերտվել է Գանձասարի համալիրի «Ծովին քար» հյուրանոցին հարակից տարածքում:

Երախից լսվում է խուլ մռնչոց, որն անհասկանալի կերպով դուրս է գալիս ժայռի միջից: Մռնչում է, որ թշնամիները սարսափեն և առաջ չգան…

Ամռանը այս գեղատեսիլ Գանձասարը վերածվում է մի չքնաղ վայրի, ու գալիս են հին <<գանձերը>> գնահատող մարդիկ: Շատ հայ և օտարերկյա զբոսաշրջիկներ, ըմբոշխնելով Գանձասարի գեղեցկությունը, վերջում անպայման լուսանկարվում են առյուծի քանդակի մոտ: Այսպեսին է Գանձասարը՝ գեղեցկադեմ, հրաշակերտ, խորհրադավոր …

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն