Գոշավանք

Գոշավանք

Դիլիջանից արևմուտք, տասնհինգ կիլոմետր հեռու, 1200 մ բարձրության վրա՝ Գոշ գյուղում է գտնվում Նոր Գետիկը կամ Գոշավանքը, որը հիմնադրել է հայ հայտնի առակագիր, հոգևորական, հասարակական գործիչ և մանկավարժ Մխիթար Գոշը։ Նրա իմաստության համբավն այնքան էր տարածվել, որ շատերը ՝նույնիսկ վարդապետներ և շատ այլ գիտնականներ, հեռավոր վայերից եկել են աշակերտելու: Իմաստությամբ և բարեպաշտությամբ անուն վաստակած այսպիսի մեր վարդապետները հիմնում էին վանքեր, ուր ստեղծվում էին միաբանություններ։

Այդ վանքերից շատերը եղել են մեր նշանավոր դպրոցներն և գրչության կենտրոնները, որոնք հետագայում վերածվել են համալսարանների:

Ըստ ավանդույթի, երազում Մխիթար Գոշի մոտ է գալիս Աստվածը և ասում է. «Լսի´ր ուշադիր, Մխիթա´ր. յոթ տարին շարունակ լինելու են բերքառատ, որոնց ընթացքում անհրաժեշտ է ամբարվել, քանի որ հաջորդ յոթ տարին լինելու է երաշտ»: Լսելով Աստծուն` Մխիթարը վանքի միջոցներով ամբարներ սարքեց և ամբողջությամբ լցրեց ցորենով: Երբ հասավ օրհասական պահը, նա պատրաստեց մի աման` «գուշ», և այդ ամանով սկսեց բաշխել ժողովրդին հացահատիկը: Դրա համար, նա ժողովրդի կողմից ստացավ «Գուշ» կամ «Գոշ» մականունը:

Գոշավանքի պատմությունը

Գոշավանքը կառուցվել է 1188թ.-ին՝ նշանավոր վարդապետ Մխիթար Գոշի կողմից՝ Զաքարե Իշխանի աջակցությամբ: Կոչվել է Նոր Գետիկ, իսկ 1213թ.-ից սկսված, Մխիթար Գոշի մահվանից հետո՝ անվանվել է Գոշավանք:

Գոշավանքը պատմական աղբյուրներում անվանվել է` վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Ուսուցվել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդները։ Այստեղ պահվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, գյուղեր, վարելահողեր, անտառներ, ամառանոցներ։

Գոշավանք համալիրի կազմը

Համալիրի կազմում պահպանվել են Ս.Աստվածածին, Ս.Գրիգոր եկեղեցիները, գավիթը, Գ.Լուսավորիչ և երկու փոքրաչափ այլ մատուռները, երկհարկանի գրատուն-զանգակատունը, ժամատան ավերակներ,խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր։

  • Գոշի. Սուրբ Աստվածածին

Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը (1191-1196թթ.), գմբեթավոր դահլիճի տիպի կառույց է, արևելքից երկու կրկնահարկ խորաններով, արևմուտքից և հյուսիսից` մուտքերով։ Արևելյան և հարավային պատերը մշակված են «հայկական խորշերով» (եռանկյունաձև կտրվածքի), հաստաբուն թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով։

Գավիթը (1197-1203 թթ.) չորս սյուներով կենտրոնակազմ գավիթների հիմնական տիպին է պատկանում։ Արևելյան երկու անկյուններում ունի երկհարկանի խորաններ։ Գոշավանքի գավիթը ձևով և կառուցվածքային տարրերով, Սանահինից հետո, նշանավորում է իր տիպի զարգացման հաջորդ քայլը՝ նախապատրաստելով Հաղարծնի և Կեչառիսի նույնատիպ կառույցները:

  • Գոշի. Սուրբ Գրիգոր

Սուրբ Աստվածածնից հարավ կանգնած է նույնատիպ, բայց ավելի փոքր չափերի Ս.Գրիգոր եկեղեցին (ավարտվել է 1231 թ.-ին), որի գմբեթը չի պահպանվել։ Գավթի հարավային պատին գրեթե կից է Սբ. Գրիգոր Լուսավորիչ դահլիճ-եկեղեցին (1237-1241 թթ.), որը, չնայած փոքր չափերին, իր դեկորատիվ հարուստ հարդարանքով աչքի է ընկնում ընդհանուր առմամբ զուսպ մշակված համալիրի կառույցների շարքում։

  • Գոշի. գրատուն-զանգակատուն

Գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով կանգնած է երկհարկանի գրատուն-զանգակատունը, չտաշված մեծաչափ քարերով, փայտակերտ «վերնահարկերով» գրատունը և արևմուտքից նրա հետ ընդհանուր դռնով միջանցիկ ժամատունը: Ժամատունը հավանականորեն եղել է նաև գրչության սրահ, որտեղ ձեռագրեր են ստեղծվել:

Գոշավանքի խաչքարերը

Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում գերեզմաններն ու խաչքարերը, որոնց թվում Պողոս վարպետի երեք «ասեղնագործ» խաչքարերն են (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի արևմտյան ճակատի մոտ տեղադրված երկու խաչքարերից մեկը 1935 թ.-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան):

Վանքից ոչ հեռու՝ գյուղի հարավային մասում, կան կառույցներ՝ Սբ. Գևորգ եռախորան գմբեթավոր փոքր եկեղեցին՝ կառուցված 1254-ին Խաչատուր վարդապետի և նրա եղբայր Բարսեղի կողմից, Մխիթար Գոշի բնակարանի մնացորդները, նրա դամբարանը։1958-ին հայոց մեծագույն վարդապետներից մեկի՝ Մխիթար Գոշի դամբարանի մոտ հուշակոթող է կանգնեցվել, այնուհետև 1972-ին բացվել է Գոշի թանգարանը և բարեկարգվել վանքի տարածքը։

Գոշի լիճն ու Գոշի  գյուղը

Գոշավանքը շրջապատված է Գոշ գյուղի տներով։ Վանքին ամենամոտ շենքը գյուղի ութամյա դպրոցն է։ Գյուղի բնակչությունը հաշվում են երկու հարյուր տնտեսություն։ Հիասքանչ բնության մի տեսարժան վայր է նաև Գոշի լիճը,ուր կարելի է զմայլվել գեղեցիկ տեսարաններով…

Ավարտեցինք մեր շրջագայությունը պատմական վայրերով, մեր այսօրվա գեղատեսիլ ու բարեկարգ Գոշավանքով  ու նրա պատմական անցյալով…

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն