Մատենադարան

Մատենադարան՝ հին ձեռագրերի թանգարանը․․․

Մատենադարանը հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան է, ինքնատիպ և բացառիկ հարուստ հավաքածու ունեցող մի կենտրոն, որն այսօր դարձել է Հայաստանի խորհրդանիշներից մեկը:

Այն կրում է 405 թ.-ին հայոց գրերը ստեղծած Մեսրոպ Մաշտոց վարդապետի անունը:

Մատենադարանն աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները: Մշակութային ժառանգության պահպանության այս հաստատությունում կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք իրենց մայր լեզվով չեն պահպանվել և հայտնի են միայն հայերեն թարգմանությունները։

Մատենադարան բառը գրաբարում նշանակել է «գրադարան» և համարվել է մի վայր, որին կից գործել է նաև ձեռագրատուն։ Մի քանի հայկական վանական համալիրներ նույնպես ունեցել են մատենադարաններ, ինչպես օրինակ՝ Հաղպատի և Սանահինի վանական համալիրները: Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դարից։

Mesrop_Mashtoc_Statue_Matenadaran

Ըստ Ղազար Փարպեցու՝ Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ: V դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում։ Մաշտոցյան Մատենադարանի պատմությունը սկիզբ է առնում հայերեն գրերի գյուտով (405թ.) և կրում է իր իսկ հիմնադրողի՝ Մեսրոպ Մաշտոցի անունը։

5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու մի վկայությունից տեղեկանում ենք, որ Էջմիածնի ձեռագրատունը գոյություն է ունեցել դեռևս 5-րդ դարում։ Այն հատկապես մեծ նշանակություն է ստանում 1441թ. հետո, երբ կարթողիկոսական աթոռը Սիսից (Կիլիկիա) տեղափոխվում է Էջմիածին։

Էջմիածնում և նրա մոտակայքում գտնվող վանքերում սկսում են ընդօրինակվել հարյուրավոր ձեռագրեր, հատկապես 17-րդ դարի ընթացքում, որոնցից շատերը այսօր էլ պահվում են Մատենադարանում, և աստիճանաբար Էջմիածնի վանական գրատունը դառնում է Հայաստանի ամենահարուստ գրատներից մեկը: Ձեռագրերի հայթայթման գործն ավելի լայն չափերի է հասնում Յակոբ Ջուղայեցու աթոռակալության տարիներին (1655-1680)։

Matenadaran_exhibition

18-րդ դարի ընթացքում, դժբախտաբար, Էջմիածինը բազմիցս ենթարկվում է թշնամիների հարձակումների։ 19-րդ դարի սկզբներին արդեն Էջմիածնի հարուստ Մատենադարանից մնացել էին միայն աննշան քանակությամբ ձեռագրեր։ 1939 թ.-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան։

1945 թ.-ին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թ.-ին։ Ինստիտուտի հին շենքը խորանարդաձև է, կառուցված մոխրակապույտ բազալտից՝ դեպի Երևան նայող բլրի վրա, որը գտնվում է Մաշտոցի պողոտայի հյուսիսային ծայրում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի ներքևում։

Շենքը կառուցված է նեոհայկական ոճով, ճարտարապետը Մարկ Գրիգորյանն է: Մոնումենտալ աստիճանները տանում են դեպի Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձան։ Իսկ մուտքի մոտ շենքի ճակատը զարդարված է Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձաններով:

Մուտքի մոտ գրված է ըստ ավանդության հայերեն թարգմանված առաջին նախադասությունը. «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը»: Այս խոսքերը Աստվածաշնչի Սողոմոնի առակների 1:2 խոսքերն են: Շենքի կողքերը զարդարված են խաչքարերով։ Շենքի ներսը նույնպես բազալտից է, բայց ներսի հարդարանքի մեջ օգտագործվել են նաև այլ քարեր, օրինակ՝ մարմար: Մուտքի սրահում է գտնվում Հովհաննես Խաչատրյանի՝ Ավարայրի ճակատամարտը պատկերող խճանկարը։

matenadaran

Շենքի կողքերը զարդարված են խաչքարերով։ Շենքի ներսը նույնպես բազալտից է, բայց ներսի հարդարանքի մեջ օգտագործվել են նաև այլ քարեր, օրինակ՝ մարմար: Դեռևս 1987 թ.-ից սկսված նախագծվում է Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը, սակայն սկսված շինարարությունը դադարեցվում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի պատճառով:

2009 թ.-ի մայիսի 14-ին սկսվում է Մատենադարանի նոր մասնաշենքի (ճարտարապետ Արթուր Մեսչյան) շինարարական աշխատանքները: Նոր՝ գիտական մասնաշենքի բացումը տեղի է ունեցել 2011 թ.-ի սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: Մատենադարանի նոր մասնաշենքի մակերեսը երեք անգամ գերազանցում է հին համալիրի մակերեսը։

Նոր շենքի մակերեսը կազմում է 11,358 քմ, այն նախատեսված է գիտահետազոտական գործունեության, ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի և ֆոնդի պահպանման, վերականգնման, թվայնացման աշխատանքների համար։

matenadaran-new-complex

Կենտրոնական մասնաշենքն ամբողջությամբ վերակազմավորվել է և վերանորոգվել՝ վերածվելով թանգարանային համալիրի, որն ունի բազմաթիվ ցուցասրահներ, դահլիճ՝ գիտական համաժողովների և զեկուցումների համար, ինչպես նաև գիտական լաբորատորիա։ Մատենադարանում ձեռագրերը հավաքագրվում են հիմնականում կրոնա-եկեղեցական, ուսումնական, պետական-հասարակական հաստատությունների, ինչպես նաև անհատական նվիրատվությունների միջոցով։

Ձեռագրերի ամենահին պատառիկները թվագրվում են 5-6-րդ դարերին, ամենահին պատկերազարդումներն ու մանրանկարչությունը Էջմիածնի Ավետարանում են, որը թվագրվում է 6-րդ դարին։ Ամենահին ամբողջական ձեռագիրը 887 թ.-ին թվագրվող Լազարյան ավետարանն է, ամենամեծը՝ Մշո ճառընտիրը (27,5 կգ), իսկ ամենափոքրը՝ Տոնացույցն է (19 գ):

Մատենադարան կատարած անգամ ամենակարճ այցելության ընթացքում պարզ է դառնում հայոց լեզվի և հայ գրերի կարևոր դերն ու նշանակությունը համաշխարհային մշակույթի մեջ:

the biggest and the smallest books_Matenadaran
Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/destination/armenia/matenadaran/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Call Now