GO UP
Image Alt

Toptrip.info

christmas-trees-in-hotel

Ինչպես հյուրանոցին հաղորդել ամանորյա շունչ

Հյուրանոցներն ու ռեստորանները Ամանորին ակտիվորեն պատրաստվում են տոներին և պլանավորում, թե ինչպես կազմակերպեն իրենց հյուրերի համար ամանորյա անմոռաց տոն և մատուցեն յուրահատուկ սպասարկում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պարզ առաջարկություններ, որոնք կօգնեն տոնական տրամադրություն ստեղծել և հյուրերի մոտ անմոռաց հիշողություններ թողնեն ձեր հյուրանոցի մասին:

Ստեղծեք տոնական մթնոլորտ

Հյուրանոցում հյուրերը ևս ցանկանում են զգալ տոնակատարության մթնոլորտը, ինչպես կզգային տանը, ուստի հյուրանոցները փորձում են իրենց տարածքում կախարդական հեքիաթային մթնոլորտ ապահովել:
Համապատասխան տոնական տրամադրություն ստեղծելը պահանջում է հատուկ ամանորյա աքսեսուարներ, որը պետք է գրավի և մոգական զգացողություն հաղորդի: Անհրաժեշտ է մի քանի ամիս առաջ մտածել ներքին հարդարման մասին, քանի որ հյուրանոցներում տոնական շրջանը սկսվում է կաթոլիկ Սուրբ ծննդյան տոներից 4 շաբաթ առաջ (հաշվի են առնվում օտարերկրյա հյուրերի ավանդույթները) և շարունակվում է մինչև մեր հին Նոր տարին:

Առաջին հերթին մեծ ուշադրությունն է հատկացվում հյուրանոցի հիմնական մուտքի և նախասրահի զարդարման վրա, ինչպես նաև սենյակների կահավորմանը: Եթե սենյակներում կարելի է թեթևակի զարդարել, ապա հյուրանոցի դահլիճի և մուտքի զարդարմանը ավելի շատ ուշադրություն է հատկացվում: Ամանորի տրամադրություն ստեղծելու ամենադյուրին ճանապարհը բոլորիս ծանոթ ամանորյա ատրիբուտների օգտագործումն է:

Տոնածառը Ամանորի ամենակարևոր աքսեսուարն է: Այն կարող է տեղադրվել մուտքի մոտ, որպեսզի հյուրերն անմիջապես տեսնեն այն: Խոշոր, ծավալային ձյան փաթիլները, գնդիկները կամ զանգերը նույնպես ստեղծում են առաջիկա տոնի զգացողությունը: Այս տարի գործվածքից, ուլունքներից, հյուսից պատրաստված տոնածառի զարդարանքները դարձել են «նորաձեւության վերջին ճիչը»: Իհարկե, ոչ մի Ամանորյա տոն չի կարելի պատկերացնել առանց ներքին լուսավորության: Լույսերով զարդարանքների պահանջարկը տարեց տարի աճում է, և գունավոր լամպերից պատրաստված ծառը, օրինակ` նախասրահի պատին, կարող է սովորական տոնածառի լավ այլընտրանք լինել:
Հյուրանոցը զարդարելիս պետք է հավատարիմ մնալ ներդաշնակ և լակոնիկ ոճին՝ զուգորդված հյուրանոցի ընդհանուր ներքին հարդարանքին:

new-year

Տոնական սփռոցներն ու անձեռոցիկները նույնպես կարող են տոնական զգացողություն հաղորդել: Սուրբ ծննդյան ժամանակահատվածում սեղանին դրված պատառաքաղը կարելի է դնել Ամանորյա ծրարների մեջ, իսկ սեղանն ինքնին կարելի է զարդարել մոմերով, եղևնու ճյուղերով, ոսկե և արծաթե ժապավեններով: Նույն ժապավենները կարող են օգտագործվել վարագույրները և աթոռի հենակը զարդարելու համար: Շատ գեղեցիկ կլինի նաև Ամանորի նախաշեմին տոնական թեմայով բարձեր, անկողիններ պատրաստելը:
Շատ ճանապարհորդներ ամանորյա տոներին ձգտում են լքել տունը՝ տանը տոնական հոգնեցուցիչ զարդարանքներով չզբաղվելու և ամանորյա սեղան պատրաստելուց զերծ մնալու համար: Նրանք ցանկանում են վայելել արձակուրդը հարմարավետ մթնոլորտում՝ առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու: Ձեր հյուրանոցում ստեղծեք հատուկ ամանորյա մթնոլորտ, որը հյուրերը չէին կարող ստեղծել իրենց տանը:

Իհարկե, ամեն հյուրանոց չէ, որ կարող է իրեն թույլ տալ նման շքեղություն, բայց միշտ էլ կարելի է գտնել հետաքրքիր գաղափարներ, որոնք կարող են իրագործվել յուրովի: Կան նաև մի շարք այլ, ավելի բյուջետային, բայց ոչ պակաս հետաքրքիր տարբերակներ Ամանորի զարդարանքի համար:
Մշակեք հատուկ տոնական մենյու, առաջարկեք ձեր հյուրերին նոր ուտեստ կամ ամանորյա կոկտեյլ:
Նրանց համար, ովքեր ցանկանում են հանգիստ երեկո անցկացնել, կարող եք ամանորյա ֆիլմեր առաջարկել, իսկ երեխաներին կարելի է ուրախացնել՝ առաջարկելով գեղեցիկ ծրար և մատիտներ Ձմեռ պապիկին նամակներ գրելու համար:
Որպես կանոն, շատ այլ տոնական միջոցառումներ տեղի են ունենում Ամանորի օրերին: Տեղեկացեք, թե ինչ իրադարձություններ և միջոցառումներ են տեղի ունենալու ձեր հյուրանոցի մոտակայքում և հյուրերին տրամադրեք առկա զվարճությունների ամբողջական ցուցակը:
Որտե՞ղ են անցկացվելու փառատոներ, համերգներ, որտե՞ղ են գտնվում մոտակա տեսարժան վայրերը, որտեղ են անցկացվելու Սուրբ ծննդյան արարողությունները: Մոտակայքում կա՞ երեխաների համար նախատեսված միջոցառումներ Ձմեռ պապիկի մասնակցությամբ: Որտեղի՞ց ավելի պարզ ու գեղեցիկ կերևա Ամանորի հրավառությունը: Անկախ նրանից, թե հյուրերը ինչ բնույթի երեկույթ են փնտրում, ընդունարանի աշխատակիցները պետք է ունենան իրենց համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Եվ մի՛ մոռացեք կազմակերպել ձեր սեփական տոնական միջոցառումները: Հյուրերի մեծ մասը նախընտրում է Ամանորը կամ Սուրբ ծնունդը նշել առանց հարմարավետ հյուրանոցից դուրս գալու: Սա հիանալի հնարավորություն է լրացուցիչ շահույթ ստանալու համար: Բացի այդ, հյուրերն իրենց առավել հարմարավետ կզգան:

hotels-design

Ստեղծեք գեղեցիկ զարդարանքներով անկյուն ֆոտոսեսիաների համար

Շատ օտարերկրյա հյուրանոցներ ամանորյա տոների ընթացքում տեղադրում են գեղեցիկ և յուրօրինակ զարդարանքներ, որոնք ոչ միայն զարդարում և լրացնում են հյուրանոցի տոնական ինտերիերը, այլև հարմար վայր են դառնում լուսանկարվելու համար:
Այսպիսով, դա նաև հյուրանոցի համար լրացուցիչ գովազդ կլինի՝ սոցիալական ցանցերում տարածման միջոցով:

Պետք է հոգալ փոքրիկ նվերների և հուշանվերների մասին

Թանկարժեք նվերների փոխարեն դուք կարող եք ձեր հյուրերին նվիրել քաղցրավենիք՝ որպես հուշանվեր, որը նրանք կարող են վերցնել իրենց հետ, բրենդային կեքսեր, կոճապղպեղից թխվածքաբլիթներ կամ հյուրանոցի լոգոտիպով գեղեցիկ փաթեթավորված շոկոլադներ:
Օգտակար և յուրօրինակ նվեր կարող է լինել նաև թեյը՝ փոքրիկ, տնական մուրաբայով, բրենդավորված մեղրով կամ սուրճը՝ գեղեցիկ փաթեթավորված:
Ամանորի ընթացքում հյուրանոցում կարող եք բացել «Ամանորյա հուշանվերների խանութ», որտեղ հյուրերը կարող են գնել նման հուշանվերներ իրենց ընկերների ու ծանոթների համար:
Վերջապես, մի՛ մոռացեք, որ ոչ բոլոր հյուրերն են ամանորյա տոներին գալիս հյուրանոց հանգստանալու համար: Գործարար ճանապարհորդներին ևս մեծ ուշադրություն պետք է դարձնել. Չէ՞ որ նրանք, ինչպես ձեր հյուրանոցի աշխատակիցներից շատերը, ստիպված են արձակուրդներին աշխատել: