
Ամբերդ. պատմությունն ու ներկան
Ամբերդ. պատմությունն ու ներկան
Ամբերդը մի հրաշալի կառույց է, որը տարբեր ժամանակներում երկրի պաշտպանության համար մեծ դեր է խաղացել: Ելնելով անվան ստուգաբանությունից սա մի զարմանալի բերդ է ամպերի մեջ: Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել գեղեցկադեմ Ամբերդում:
Ամբերդի պատմությունը
Այն միջնադարյան բերդաքաղաք-ամրոց է, որը կառուցվել է մոտ X դարում պատմական Արագածոտն գավառում`Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս`(Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում`եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։ Ամբերդը փոխանցում է անպարտելիության շունչ, և կրում դարերի պատմություն:
Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դարում Կամսարական իշխանների կողմից: X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմական հենակետերից: Իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանությունը: Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք՝14-րդ դարի վերջերին:
Երբ Պահլավունիների կողմից նշանակվում էին Հայոց Կաթողիկոսները, Ամբերդը դառնում է նրանց նստավայրը: 1026թ.-ին Վահրամ Պահլավունի իշխանը կառուցեց Վահրամաշեն եկեղեցին : Այս եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ և հասարակ է:Վահրամաշենը առաջին եկեղեցիներից է, որ խաչթևերի չորս անկյուններում ունի կրկնահարկ ավանդատներ: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ արձանագրությունը:
X-XIII դդ. ամրոց բերդաքաղաքը ընդգրկում էր մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ` ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցին: Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի ավերակները, բաղնիքի շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին՝ Վահրամաշենը:
Դղյակը եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, հակերի միջև եղել են գերաններ: Այն բազմիցս վերակառուցվել ու ամրացվել է: Իսկ բաղնիքը ունեցել է հանդերձարան , լողասրահ և ջեռուցման համակարգ: Այս բոլոր կառույցները ճարտարապետական բարձր նմուշներ են, և առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայկական ճարտարապետության մեջ:
Ամբերդի ամրոցն այսօր
Ամբերդ բերդաքաղաքի տարածքի առաջին պեղումները կատարել է ակադեմիկոս Հ. Օրբելին` 1936 թ.: Այնուհետև պեղումները շարունակել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը` 1963-72 թթ., Ն. Տոկարսկու, Ս. Հարությունյանի ղեկավարությամբ: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մետաղյա իրեր, զենքեր, արծաթե զարդեր, խեցեղեն, ապակեղեն, ոսկե, պղնձե դրամներ, մոմակալներ, բրոնզե աշտանակներ և այլ հնագիտական իրեր:
1949-72 թթ.բազաթիվ ճարտարապետների կատարած չափագրությունների հիման վրա ճարտարապետ Յու. Թամանյանի կազմած վերանորոգման նախագծով կատարվել է Վահրամաշեն եկեղեցու, բաղնիքի վերանորոգման և ամրակայման աշխատանքներ:
Ամբերդի համալիրում հուշարձանների վերականգնման, բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև 2005-2007 թթ.:
Ամբերդի և Արագած լեռան միջև ընկած հատվածում հանդիպում ենք վիշապաքարերի: Վիշապաքարերը մեզ հասել են քարի և բրոնզի դարերից: Սրանք նախաքրիստոնեական պաշտամունքի հուշարձաններ են: Քրիստոնեության ընդունումից հետո դրանցից շատերը վերածվեցին խաչքարերի:
Երևանից Արագած սարով դեպի Նոր Ամբերդ և Ամբերդ բերդաքաղաք տանող արահետն ապշեցնում է լանդշաֆտի արտասովոր բազմազանությամբ՝ կիսաանապատայինից տափաստանային և ծաղկե գորգերով ծածկված ալպիական գոտիներ: Ինչպես նաև ճանապարհն անցնում է Վիկտոր Համբարձորմյանի հիմնած աստղադիտարանի մոտով, որը հնարավորություն կտա համեմատելու նորը հնի հետ: Ամբերդի դղյակի մերձական տարածքը մայիսից հուլիս ծածկված է բազմազան ծաղիկներով, որոնց թվում կան շատ յուրահատուկ ծաղկատեսակներ:
Այս ամիսներին կարելի է տեսնել բազմաթիվ տեղացի դպրոցականների, ինչպես նաև զբոսաշրջիկների, որոնք գալիս են Ամբերդ՝ հիանալու անառիկ ամրոցի շինությամբ և վայելելու գեղեցիկ բնությունը: