
Հայկական ճամբար կամ «Սևանի հակառակ կողմը»
Հերթական շաբաթ օրն է, և մենք ճանապարհին ենք։
Այս անգամ մեր թիրախում միանգամից երկու նախաձեռնություններ էին՝
Առագաստանավային զբոսանքներ Մեծ Սևանում։
«Սև նավը»
Մինչ նշանակակետին հասնելը, սխալմամբ հայտնվեցինք մի «սև նավի» մոտ, որը հետագայում ամոթով պարզեցի, որ լեգենդար «Կիլիկիա» առագաստանավն է։
Պատմություն ու խորհուրդ ունեցող նավ, որի կառուցումը տևել է 10 տարի (1991-2001 թթ): Այն կառուցվել է 13-րդ դարի հայկական առևտրային նավերի կրկնօրինակով։
«Կիլիկիա» նավը կտրել-անցել է 15 հազար ծովային մղոն, եղել Եվրոպայի և Միջերկրական ավազանի 26 երկրների 64 նավահանգիստներում։
Հիմա այն հանգրվանել է Սևանա Լճի Արտանիշ թերակղզու մոտ՝ հավանաբար սպասելով իր հաջորդ հաղթարշավին․․․
Հայկական ճամբար
Հայկական ճամբար էինք մեկնել Վարդուհու հրավերով։
Վարդուհին համակարգում է ճամբարի գործունեությունը։
Նա կիսվեց մեզ հետ Ճամբարի հիմնադրման նախապատմությունով, սկզբունքներով և ծրագրերով։
7 տարի առաջ նրանք այս ամայի ու քարերով լի տարածքում 4 տնակ են տեղադրել, այնուհետև սկսել բարեկարգել, առագաստանավային միավորներ գնել, հարմարեցնել տեղանքը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։
Սենյակները, արահետները, նույնիսկ սպորտային սարքավորումները հարմարեցված են հաշմամանդամություն ունեցող անձանց համար. նման բան Սևանում հազվադեպ կհանդիպես։
Այժմ կան մի քանի տնակներ իրենց բոլոր հարմարություններով, ճաշարան, որը կարող է միաժամանակ 50 հոգի ընդունել,
ժամանցային սրահ։
Այս նախաձեռնությունը համանուն հասարակական կազմակերպության միջոցով է ստեղծվել և ունի սոցիալական ու բարեգործական ընդգծված ուղղվածություն, նույնիսկ գներն են բարեգործական 🙂 :
Տարածքում հնարավոր է նաև վրաններ տեղադրել,
խարույկ վառել ու գիշերել անտառում։
Արտանիշի թերակղզու Արտանիշ գագաթն ունի 2460 մ բարձրություն և բաժանում է Մեծ և Փոքր Սևանները։ Արտանիշը մեզ համար բացահայտում էր։
Այստեղ լճի ափն արտասովոր հմայք ունի։
Այստեղ տեղադրված է միակ պլաստիկ նավամատույցը Սևանում, որը հարմարավետությունից բացի նաև էկոլոգիական մեծ նշանակություն ունի։
Տարբեր առագաստանավային միավորների հանդիպեցինք, բայց այդ մասին արդեն հաջորդ հատվածում։
Առագաստանավային զբոսանքներ Մեծ Սևանում
Վերը նշված նախաձեռնությանը զուգահեռ սպորտի վարպետ Սամվել Ռոստոմյանի գլխավորությամբ Մեծ Սևանում կազմակերպվում են առագաստանավային զբոսանքներ, ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա հյուրերի համար։
Սևանի այս հատվածը շատ հարմար է առագաստանավային ամենատարբեր սպորտաձևերի համար, քանի որ քամիները շատ են, ու ցավոք այս պոտենցիալը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ նման սպորտաձևերի սիրահարների համար։
Կարմիր պղպեղ
Red pepper (կարմիր պղպեղ) առագաստանավը կարող է հյուրընկալել 6 մարդ, առավելագույն արագությունը 20 կմ/ժ է, որը ջրի վրա բավական մեծ է։
Այս նավով հնարավոր է զբոսնել Մեծ Սևանում (նաև ողջ Սևանում):
Ինչպես նաև ակտիվորեն զարկ է տրվում առագաստանավային տարբեր սպորտաձևերի զարգացմանը․ հաճախակի այստեղ մարզումներ և մրցումներ են կազմակերպվում, որին նույնիսկ օտարերկրյա հյուրերն են մասնակցում։
Սեպտեմբերին, օրինակ սպասում են Ռուսաստանից ժամանող խմբի։
Վարդուհին տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Բայք քեմփն իր 20 հոգանոց թիմով հանգրվանել է հենց իրենց մոտ։
Այստեղ հնարավոր է զբաղվել ամենատարբեր սպորտաձևերով` առագաստանավային սպորտ, վինդսերֆինգ, կայտբորդինգ, թիավարություն…
Սևանի այս հատվածը քիչ հաճախելիութուն ունի ի տարբերություն Սևանի թերակղզու, բայց եթե անկեղծ գրավչությունն էլ այլ է, բոլորովին այլ, ինչ որ էկզոտիկ բան կա այստեղ։
Այստեղ նաև առգաստանավային ճամբարներ ու առագաստանավային վիքենդեր են կազմակերպվում, որի մուտքը բաց է բոլոր ցանակացողների համար։
Այստեղ կարելի է հանգստանալ տնակում կամ վրանում, զբաղվել տարբեր ջրային սպորտաձևերով, ինչպես նաև սովորել նավարկել տարբեր լողամիջոցներով: Հմուտ սպորտի վարպետ ու նավապետ Սեմն իր թիմով կօգնի ձեզ այդ հարցում։
Սա իսկապես մեզ համար Սևանի հակառակ ու դեռ չբացահայտված կողմն է, որը մեկ այցով կամ նույնիսկ մի քանի այցով դժվար թե ամբողջությամբ բացահայտենք, բայց ամեն դեպքում մեկնարկը տրված է։
Շնորհակալ ենք Վարդուհուն և նավապետ Սամվելին ընդունելու և իրենց ձեռքբերումների ու ծրագրերի մասին կիսվելու համար։
Ինչպես ասում են՝
I’ll be back 😉 :
Խորհուրդ կտանք այցելել Սևանի այս հատվածը, ինչպես նկատեցիք հետաքրքիր տեսարանների ու ժամանցի պակաս չեք ունենա։
Այնպես որ, այցելի՛ր Հայկական ճամբար և #վայելիր_Հայաստանը:
Սևանի հակառակ կողմից՝
Գոռ Կարապետյան