Համաշխարհային ճգնաժամը և զբոսաշրջությունը. գլոբալ խնդիրներ, լոկալ լուծումներ

info

Աշխարհն էլ երբեք նախկինը չի լինի

Այս միտքն այսօր հաճախ ենք լսում: Եվ իսկապես, Covid-19 համավարակի թողած ազդեցությունը համաշխարհային տնտեսության, մասնավորապես՝ զբոսաշրջության վրա աննախադեպ է: Ինձ՝ որպես զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչ, այս հանգամամքը շատ է մտահոգում:

Ստորև Տուրիզմի Համաշխարհային Կազմակերպության հրապարակած գրաֆիկն է, որտեղ ներկայացված են տվյալներ տարբեր ժամանակաշրջաններում ճգնաժամերի՝ տուրիզմի վրա թողած ազդեցության և ոլորտի հետագա աճի վերաբերյալ.

info

Թեև պատկերն այնքան էլ հուսադրող չէ, բայց ամեն բան դեռ կորսված չէ:

Ճամփորդելու ցանկության տրանսֆորմացիա

Իսկապես այս համավարակը շատ խորքային փոփոխություններ կբերի մարդկանց վարքագծի, այդ թվում՝ ճամփորդելու սովորության մեջ:

Եթե առաջնորդվենք լավատեսական սցենարներով, ըստ որոնց համավարակն ամռանը կնահանջի կամ վերջապես գտնվի  պատվաստանյութը (շատ լավատեսական սցենարով), այնուամենայնիվ մարդիկ որոշ ժամանակ խոսափելու են արտերկիր մեկնելուց:

Արտագնա զբոսաշրջությանը դեռ  երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար: Մեր տեսանկյունից՝ որպես ընդունող երկիր, նույն շքանշանի հակառակ կողմն է նաև ներգնա զբոսաշրջությունը:

Նոր թրենդ

Ըստ կանխատեսումների, թեև մարդիկ կխուսափեն արտասահման մեկնելուց, բայց ճամփորդելու, նոր վայրեր բացահայտելու, ընտանիքի կամ ընկերների հետ արձակուրդներն անցկացնելու ներքին պահանջն այնուամենայնիվ կհարթի իր ճանապարհը:

Եվ այդ ճանապարհը կբերի դեպի երկրի ներսում ճամփորդելու ռացիոնալ որոշմանը: Հենց այս համատեքստում էլ նոր թափ կառնի ներքին զբոսաշրջությունը:

Իմիջայլոց՝ 2019 թվականի տվյալներով արդեն մեր երկրում ներքին զբոսաշրջությունը նախորդ տարվա համեմատ  աճել է 41.4 %-ով: Տպավորիչ թիվ է:

Կարծում եմ՝ այդ թիվը կշարունակի աճել նաև այս տարի, իհարկե որոշ տատանումներով:

Թրենդային կլինեն անհատական, փոքր խմբերով, հեղինակային, նոր էմոցիաներ ու փորձառություներ փոխանցող տուրերը:

Տուրիզմը Հայաստանում

tourism in armenia

Հենց այս ամենը կանխատեսելով՝ նախաձեռնվել են ճամփորդական մի քանի ֆեյսբուքյան խմբեր: Օրինակ՝ Տուրիզմը Հայաստանում խումբը, որն այս պահին դրությամբ արդեն ունի 10 000 և ավել անդամ:

Խմբի անդամներն և հատկապես ակտիվ ճամփորդողները ժամանակ առ ժամանակ հրապարկում են Հայաստանի տարբեր տեսարժան վայրերից լուսանկարներ, կիսվում օգտակար խորհուրդներով և տեղեկատվությամբ:

Armenia

Խմբում քիչ չեն նաև հենց զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները, որոնց համար այն աստիճանաբար դառնում է նաև B2B  և B2C կապեր ձևավորելու լավ հարթակ:

Մեծ ու ջերմ ընտանիք

Խմբի ձևավորման կարճ ժամանակահատվածում, հատկապես սառն ու մռայլ լրահոսի ֆոնին  այն իսկապես դարձել է ջերմ ու գունեղ մի անկյուն, որտեղ մարդիկ կիսվում են դրական էմոցիաներով ու տպավորություններով, միմյանց առաջարկում փոխօգնություն և ձևավորում ընկերական կապեր:

Ի դեպ օրերս խմբում մի այսպիսի դեպք պատահեց:

Կիսվեցի մի գերմանացի զբոսաշրջիկի մասին, ում հանդիպել էինք դեռևս սույն թվականի մարտի 19-ին Տաթևում, կարծեմ մի շաբաթ առաջ էր ժամանել Հայաստան և կարանտինի ու սահմանափակումների պատճառով չէր կարողացել վերադառնալ հայրենիք:

Այս ընթացքում նա տարբեր վայրերում բնակվել էր իր վրանում, տեղաշարժվելով ավտոստոպով, և վերջապես հանգրվանել էր Սևանում, որտեղ տեղի  ձկնորսներից մեկը գիշերակացի համար տնակ էր առջարկել մեր միայնակ հյուրին:

Մի քանի օր այնտեղ մնալուց հետո եղանակային պայմանների վատթարացման պատճառով նա կապնվեց մեզ հետ՝ տեղեկացնելով իրավիճակի և խնդիրների մասին: Ես այդ մասին գրառում կատարեցի մեր խմբում. և կատարվեց աննկարագրելին. մի քանի տասնյակ օգնության առաջարկ՝ գումար, հագուստ, կերակուր, գիշերակաց և այլն:

Մեր «պատանդ զբոսաշրջիկը» շատ էր տպավորվել և հուզվել, եթե անկեղծ՝ ես էլ: Ահա նման մթնոլորտ և ջերմություն է տիրում այս խմբում:

Ներկայումս նա Երևանում է, այնուհետև կմեկնի Գեղարքունիք, ապա նաև Տավուշ, որտեղ նրան արդեն սպասում են:

Օգտակար քննարկումներ

Խումբը լավ  հարթակ է նաև ամենատարբեր հարցումների, հրատապ և կարևոր թեմաների քննարկման համար:

Այս առումով հատկանշական է օրերս կազմակերպված «Համաշխարհային ճգնաժամը և զբոսաշրջությունը. գլոբալ խնդիրներ, լոկալ լուծումներ» խորագրով օնլայն քննարկումը, որի հատուկ հյուրերն էին՝

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը,

ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:

Քննարկմանը մասնակցում էին նաև տուժած ոլորտների ներկայացուցիչներ՝

Լիլիթ Դանիելյան (Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա),

Սուրեն Դանիելյան (Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիա),

Ռուբեն Բաղդիշյան (Արշավներ ակումբ),

Յաշա Սոլոմոնյան (Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիա),

Արմեն Աբգարյան (ARCA CARS LLC),

Գևորգ Գասպարյան (Hotel Arevi):

zoom meeting

Բավական հետաքրքիր և արդյունավետ քննարկում ստացվեց, առաջարկում եմ դիտել քննարկման տեսագրությունը: Առաջիկայում ևս նախատեսվում են ամենատարբեր ձևաչափերով քննարկումներ և հանդիպումներ:

Իմ կոչը

Այս ամփոփ գրառմամբ փորձեցի տեղեկացնել մեր նախաձեռնության մասին՝ ներկայացնելով խմբի նպատակների, մինչ այս գրանցած հաջողությունների և ապագա ծրագրերի մասին:

Դուք ևս միացե՛ք խմբին, ակտիվ եղե՛ք, կիսվե՛ք խմբով և հրավիրե՛ք ձեր ընկերներին:

Սա մեր փոքրիկ ներդումը կլինի ճգնաժամից ամենաշատը տուժած ոլորտի համար՝ կայունացման և հետագա զարգացման առումով:

Ի դեպ բազմաթիվ շնորհակալական նամակներ ու մեկնաբանություններ ենք ստանում խմբի ակտիվության ու գործունեության համար:

nature

Ահա Ika Militosyan օգտատիրոջ խոսքերով էլ հենց կեզրափակեմ գրառումս.

«Բարի երեկո ընկերներ ջան, անկեղծ ուզեցի շնորհակալ լինել էն մարդկանց, ովքեր էստեղ Հայաստանից նկարներ են տեղադրում, ու ես մի շատ կարևոր բան հասկացա. լինելով Եվրոպայի գրեթե բոլոր քաղաքներում, ապրելով դրսում՝ երբեք չեմ ճամփորդել Հայաստանով ու ինքս ինձ համար հստակ որոշեցի, ուզում եմ ճամփորդել Հայաստանով ու ծանոթանալ ամեն թփի ու քարի հետ»։

Գոռ Կարապետայն ՝

ArmAdventure ընկերություն

Աղբյուր՝ Toptrip.info

Նմանատիպ գրառումներ