Դրախտիկ կամ 21 հրեշտակների առեղծվածը

Մենք շարունակում ենք շրջել մեր հրաշալի երկրի տարբեր վայրերով՝ մեր և մեր ընթերցողների համար բացահայտելով նոր վայրեր և նախաձեռնություններ, որոնք հույս ու հավատ են ներշնչում և ապացուցում, որ երկիրը երկիր է։

Ահա այս մտորումներով ու փնտրտուքներով ուղևորվեցինք Դրախտիկ կամ ինչպես ասում են՝ «Երազանքների գյուղ»։

Շատ էինք լսել այս գյուղի և այնտեղի  «21 հրեշտակների» մասին։

Բայց չշտապենք։ Ամեն ինչ հերթով։

Դրախտիկ գյուղ

Դրախտիկ գյուղը (նախկին անունը՝ Թոխլուջա), գտնվում է Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռների հարավային լանջին, Սևանա լճի ավազանի հյուսիս-արևելյան ափին։

Դրախտիկ գյուղով հոսում է համանուն գետը։ Գյուղում ապրում է մոտ 900 մարդ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1980 մետր բարձրության վրա։

Երբ երազանքը միավորում է

Ամեն բան սկսեց մի քանի ակտիվ երիտասարդների միջև պարզ քննարկումներից, արդյունքում ծնվեց «Երազանքների գյուղ» հիմնելու գաղափարը, նախանշվեցին զարգացման հիմնական ուղիները, ծրագրի իրագործման վայր ընտրվեց հենց Դրախտիկը։

Այս գաղափարով ոգևորվեցին և նախաձեռնությանը միացան երկու տասնյակ երիատասարդներ, ում հետագայում կնքեցին «21 հրեշտակներ» խորհրդանշական անվամբ։

Իրենք իրենց մասին

Դրախտիկի ֆեյսբուքյան էջում գրված է․

« «Երազանքի գյուղ». ի՞նչ հասկանանք

«Երազանքի գյուղ»-ը սոցիալական և աղքատության կրճատման ծրագիր է՝ գործարար, հասարակական և այլ ոլորտների մի խումբ մարդկանց մասնավոր նախաձեռնությամբ:

Այդ պատճառով ընտրվել է բավականին սուր սոցիալտնտեսական խնդիրներով ու լքված համայնք՝ դրախտային անվանմամբ, բայց անգույն իրականությամբ: Անհրաժեշտ է անվանումը համապատասխանեցնել իրականությանը:

Նպատակին հասնելու ճանապարհին գյուղում զբոսաշրջության, գյուղատնտեսության, ինքնազբաղվածության, կրթության խթանման ծրագրեր են դրված»:

 Եվ ահա այդ 21 նախաձեռնողները  աշխատանքների արդյունավետ կազմակերպման և համակարգման նպատակով հիմնեցին «Երազանքի գյուղ» ՀԿ-ը։

Համարձակ ներդրում

Կամավորները համատեղ ուժերով համայնքի մի գողտրիկ անկյունում գնեցին տուն կից հողատարածքով՝ օգտագործելով այն որպես գրասենյակ և հավաքատեղի։

Զուգահեռ բազմաշերտ աշխատանքներ սկսկեցին տանել տեղաբնակների հետ՝ խրախուսելով միանալ և աջակցել նախաձեռնությանը, քանի որ սա կարող է հենց իրենց գյուղի զարթոնքի սկիզբը դառնալ՝ լուծելով բնակիչների զբաղվածության խնդիրը։

Կամավորները նաև ուսումնասիրել են գյուղի առանձնահատկությունները, վեր հանել որոշ պատմություններ՝ հետագայում զբոսաշրջիկության աճը խթանելու նպատակով։

Մեծ աշխատաքն է տարվել և տարվում աղբահանության և աղբի կառավարման առումով։

Նույնիսկ հանդես են գալիս հանրային լողափերը բարեկարգելու նախաձեռնությամբ։

Այս նպատակով ստեղծվել է ֆեյսբուքյան միջոցառում հնարավորինս լայն ներգրավվածություն ապահովելու համար։

Գագիկ Կոնջորյան

Մեր ուղևորությունների ժամանակ միշտ փորձում ենք հետաքրքիր ուղեկցորդ գտնել հենց տեղում և ահա այս անգամ մեզ ուղեկցում էր 21 հրեշտակներից մեկը՝  Գագիկ Կոնջորյանը, ով նաև «Երազանքների գյուղ» նախաձեռնության ամենաակտիվ անդամներից է, ինչպես նաև ՀԿ նախագահը։

Նա ուղեկցեց մեզ գյուղի հետաքրքիր վայրերով։

Կիսվեց իրենց գաղափարներով և անցած ճանապարհի ու ապագա ծրագրերի մասին տեղեկություններով։

Երազանքների տուն

Եղանք նաև նրանց տանը, որը դեռ պետք է վերանորոգել, ստեղծել հյուրեր ընդունելու բավարար պայմաններ,

բայց առաջին ամենակարևոր և համարձակ երկու քայլերն արդեն արված են՝

  • Երազել
  • Գործել

Արտասովոր ակտիվություն

Տասնամյակներով անտեսված և կիսադատարկ գյուղում անսովոր ակտիվություն և շարժ է նկատվում։ Երևանից բազմաթիվ հյուրեր են այցելում գյուղ և մոտակա ափ։

Երբ լուսանկարեցի հողամասերից մեկը, նույսիկ Գագիկը կատակեց, թե այս լուսանկարից հետո տվյալ հողատարածքի գինը ևս 500 դոլարով թանկացավ։

Երազանքի համախմբող ուժը

21 կամավորներներից յուրաքանչյորն էլ ակտիվ կենսակերպ է վարում։ Նրանք ներգրավված են ամենատարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, մարքեթինգ, բարձր տեխնոլոգիաններ և այլն, բայց նրանց համախմբել է մեկ ընդհանուր երազանք՝ Դրախտիկ գյուղը համապատասխանեցնել իր անվանը։

Ընդ որում այդ երազանքը միայն Դրախտիկ գյուղին չի վերաբերում, այլ նրանք ցանկանում են այս նախաձեռնույթան հաջողված փորձը  վերածել մոդելի, որը հնարավոր կլինի հեշտությամբ կիրառել ցանկացած այլ գյուղում։

Այդպիսի հաջողված մոդելի շատ լավ օրինակ է նաև Կալավան համայնքը, որի մասին գրել ենք մեր նախորդ գրառումներից մեկում։

Դրախտիկում սպասվող միջոցառումերի մասին

Հաջորդ շաբաթ նախատեսվում է հանրային ափի բարեկարգման աշխատանքներ կազմակերպել, իսկ հուլիսի 21-ին՝ Վարդավառը Դրախտում Փառատոնը, որն իրենից կներկայացնի մի քանի միջոցառումերի շարք ։

Սա մեծ մարդկային հոսք կապահովի դեպի գյուղ ստեղծելով անսովոր աշխուժություն և խթանելով գյուղի ճանչվածությանն աճին ու տեղաբնակաների ոգևորվածության մեծացմանը։

Կազմակերպիչները խոստանում են երկու օր ուրիշ կյանքից։

Այնպես որ շտապե՛ք գրանցվել։

Խոչընդոտների և աջակցության մասին

Ինչպես ցանկացած նախաձեռնություն սա ևս ընդիմության և խոչընդոտների է հանդիպում, բայց երզանքի ուժը հաղթահարում է այդ ամենը։

Գաղափարը հետաքրքրել է բազմաթիվ լրատվամիջոցների, ինչպես նաև պետական և միջազգային կառույցների։

Գագիկի խոսքով իրենք դիմել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանատուներին ներդրումային աջակցության նպատակով, որը կուղղվի Դրախտիկի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:

Լիահույս ենք, որ շատ շուտով Դրախտիկը կհամապատասխանի իր անվանը ոչ միայն բացառիկ բնական պայամններով, այլև իր բարեկարգությամբ, մաքրությամբ և կոմունիկացիաներով։

Հանրային ափ

Օրվա ավարտին այցելեցինք նաև ափ։

Սևանի հյուսիս արևելյան ափը այլ գրավչություն ունի։

Անելիքները դեռ շատ են, ընդ որում ոչ միայն տարածքի բարեկարգման առումով այլև մեր՝ յուրաքանչյուրիս,  ժամանցի կազմակերպման մշակույթի, մտածելակերպի ու վարքագծի փոփոխության առումով։

Բայց ինչպես հիմա ընդունված է ասել մենք այլևս հատել ենք անհնարինի սահմանը, ուստի դա ևս հանարվոր է։

Սփեշըլ թենքս

Շնորհակալություն ողջ թիմին այս համարձակ և ոգևորիչ նախաձեռնության համար։

Շնորհակալություն Գագիկ Կոնջորյանին մեզ դիմավորելու, ուղեկցելու և մեր անվերջանալի հարցերին համբերատարությամբ ու սիրով պատասխանելու համար։

 

Մենք ևս այցելեցինք Դրախտիկ և հիմա մեր հերթն է կոչ անելու՝

#ԵկԴրախտ

 

Սիրով՝

Գոռ Կարապետյան

Դրախտիկից

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն