GO UP
Image Alt

Toptrip.info

Երեխաները հարմարավետության գոտուց դուրս

Երկու օրում երեք գագաթ՝ Թրասար, Ծղուկ, Ուղ/Խ/Տասար

Յուրաքանչյուր տարի մեր առջև բարդ նպատակ ենք դնում և գնում դրա հետևից։ Այս տարվա նպատակի անունը Սյունիքի բարձրավանդակ էր՝ Թրասար, Ծղուկ և Ուղ(խ)տասար լեռնագագթներով․ առաջին հայացքից երեխաների համար անհնարին, իսկ մեզ ճանաչելու դեպքում, լավ էլ հնարավոր ծրագիր։ Նախքան այս վերելքներին հասնելը կլիմայավարժման նպատակով 2500մ լեռնային վերելքներից հասանք 3000մ բարձրության և նոր միայն ուղևորվեցինք Սյունիք։ Այս երեք օրերը մեր հիշողության մեջ կդաջվեն որպես գեղեցիկ, փորձություններով լի, սեփական հնարավորությունների սահմանի բացահայտման, դժվարությունների հաղթահարման, կամքի և համբերության կոփման օրեր։

Հուլսի 31-ի առավոտյան 7։00-ին 5 ամենագնաց մեքենաներով շարժվեցինք Երևանից։ Իշխանասար գյուղից ասֆալտապատ ճանապարհը փոխվեց արտաճանապարհի և այստեղ արդեն շոշփեցինք, որ նպատակը մոտ է։ Վրանատեղին կազմակերպեցինք 3300մ բարձրության վրա գտնվող Ուղտասար լճի ափին՝ բազմադարյա ժայռապատկերների հսկողության ներքո։ Մի փոքր հանգստանալուց հետո տարածքը թնդաց երեխաների ձայներով, արջուկներին ստիպելով հեռու մնալ ճամբարից։ Դրոշակի և բադերի որսորդի բաց առաջնությունը ընթացավ համառ պայքարում, որտեղ հաղթեց ընկերությունը։ Երեկոյան շատ ցուրտ էր և շատերը ձգվեցին դեպի խարույկի ջերմությունը։ Խարույկի շուրջ քննարկեցինք հաջորդ օրվա ծրագիրը և 21։30-ին գանցինք քնելու, քանի որ առավոտյան 5։00-ին վերկացի ժամն էր։

Սառը գիշերից հետո վախենում էինք դուրս գալ վրանից, բայց այլ տարբերակ չկար։ Ամբողջությամբ ձմեռային հագուկապով, նախապես դասավորված ուսապարկերով սկսեցինք քայլել եղյամապատ խոտերով և արդեն արևի ճառագայթներից կրակված լռնագագաթների ուղեկցությամբ։ Առաջինը պետք է բարձրանայինք Թրասար լեռը, որը Ծղուկի լեռների ամենաբարձր գագաթն է։ Բնության հետ մենք էլ էինք արթնանում և արևի ջերմությունից՝ աշխուժանում։ Թրասարի թեք լանջը, ինչ խոսք, այդքան էլ չէր ոգևորում, բայց մեզ հաջողվեց քայլ առ քայլ հասնել գագաթ։ Թրասարի վրա կանգնել և չէինք հասկանում՝ մենք Արացախու՞մ ենք, թե՞՝ Սյունիքում, քանի որ գագաթը այս մարզերի սահմանագլխին է։ Տեսարանները աննկարագրելի գեղեցիկ էին, երևում էին բազմաթիվ լեռնային լճեր և հրաբխային կոներ, իսկ Արցախի կողմն ամպերի մեջ էր՝ պատկերելով գեղեցիկ տեսարան։

Թրասարի գագաթից հետո շարժվեցինք դեպի Ծղուկ լեռնագագաթ։ Դեպի Ծղուկ ձգվող լեռնային գիծը պարզապես հիացնում, զարմացնում և ոգևորում է իր գեղեցկությամբ և յուրահատկությամբ։ Ապարաշերտի յուրահատուկ երանգավորումը ստիպում է մտածել, որ այլ մոլորակում ես քայլում։ Պետք է ընդգծել, որ լեռներն իրենց շրջակա գեղեցկությամբ շատ մեծ ուժ են տալիս երեխաներին։ Ժպիտը դեմքներիս, հետաքրքիր քննարկումներով և զրույցներով հասանք նաև Ծղուկի գագաթ, որտեղից շատ լավ երևում էր Իշխանասար լեռը՝ մեր հաջորդ տարվա վերելքի լեռը։ Ծղուկից երևում էին նաև Ուղտասարի լիճն ու մեր վարնները, Հովվի լիճը և բազմաթիվ այլ գագաթներ։

Երեկոյան 18։00-ին արդեն ճամբարում էինք, և պետք է մտածել, որ երեխաները հասնելով ճամբար վրաններ են մտել ու քնել, բայց նորից կսխալվեք՝ խաղեր, զբոսանք ու խարույկ կար նրանց ծրագրերում։ Ժամը 21։30-ից նորից քնեցինք, քանի որ հաջորդ օրն էլ պետք է բարձրանայինք Ուղտասար լեռը, որի լանջերը բավականին կտրուկ են։ Առավոտյան 8։00-ին արդեն դեպի գագաթ էինք քայլում։ Մեզ հաջողվեց հաղթհարել նաև Ուղտասարի զառիթափ լանջերը և երկու գագաթների բարձրությունը։ Գագաթից երկու փոքրիկ լճակ էր երևում, որոնք ինչպես հետո իմացանք, 7մ խորություն ունեն։

Վերադառնալով ճամբար սկսեցինք հավաքել արդեն հարազատ դարձած վրանատեղին և պատրաստվել Երևան վերադարձին։

Մեր երեխաների այս վերելքները միայն հպարտանալու, իրենցով ոգեշնչվելու և ավելի բարդ նպատակների հասնելու առիթ են։ Երկու օրում բարձրանալ երեք լեռնագագաթ, գիշերել 3300մ բարձրության վրա ցուրտ պայմաններում և վրաններով, նույնիսկ շատ մեծերի համար է դժվար։ Իսկ նրանք արեցին դա։

Արդյունքում՝
Առաջին օրը հաղթահարեցինք 920մ հարաբերական բարձրություն, քայլեցինք 13 կմ՝ հասնելով Թրասար և Ծղուկ լեռնագագաթներին,
Երկրորդ օրը հաղթահարեցինք 330մ հարաբերական բարձրությու, քայլեցինք 4,5 կմ՝ հասնելով Ուղտասար լեռնագագթին։

Անհամեստություն թող չհնչի, բայց մենք հզոր ենք մեր լեռների պես։

4 Peaks Alpine Club