GO UP
Image Alt

Toptrip.info

Գյումրին կունենա օդային երթուղի. Սամվել Բալասանյան

«Արմոն» ընկերությունը նախատեսում է Գյումրիում 25 կմ երկարությամբ օդային երթուղի կառուցել: Նախաձեռնությունը ընկերության մշակած՝ Գյումրու զարգացման ներդրումային ծրագրի մասն է կազմում: Ծրագրի ընդհանուր արժեքը 610 մլն ԱՄՆ դոլար է:

Այսօր Գյումրու քաղաքապետարանում կայացավ նախագծի հանրային լսումը: «Սա հեքիաթ է»,- նկատեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Հեքիաթները մեկ-մեկ իրականություն են դառնում»,- ասաց «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանն ու ներկայացրեց ծրագիրը:

Gyumri

Ինչո՞ւ Գյումրիում իրականացնել նման ծրագիր՝ Սարգսյանն ասաց՝ այս հարցին ունի 5 հիմնավորված և մեկ անձնական պատասխան:

Հիմնավորված պատասխաններից առաջինը մրցակցությունն է: «Դեռ խորհրդային տարիներին Երևանի եւ Լենինականի միջև եղել է մրցակցություն: Պատահական չէ, որ մեկը կոչվում է մայրաքաղաք, մյուսը՝ հայրաքաղաք: Վերջին 30 տարիներին դա չկա, բայց պոտենցիալը կա, իսկ եթե չկա մրցակցություն, չկա նաև զարգացում: Մեր առաջին խնդիրն է Գյումրին հանրապետությունում դարձնել մրցակցային: Երկրորդն ուղիղ կապ ունի կորոնավիրուսի հետ: Փոխվել են արժեքները: Ճոխությունից մարդիկ անցել են հարմարավետության՝ գնահատելով ժամանակը»,- ասաց Սարգսյանը:

Զբոսաշրջության ռազմավարության փոփոխությունը 3-րդ պատասխանն է: Հաշվի առնելով Գյումրիի պոտենցիալն ու հնարավորությունները, անգամ այն պարագայում, եթե նկատի չունենանք օտարերկրյա զբոսաշրջիկներին՝ զուտ մեր հանրապետության 3 մլն բնակչությունը բավարար է ծրագրի աշխուժացման համար: Պատասխաններից մեկը վերաբերում էր աշխարհում այս պահին առկա ազատ գումարներին: Խաչատուր Սարգսյանն ասաց՝ աշխարհում այսօր մոտավոր հաշվարկով 10 տրիլիոն դոլար ազատ գումար կա, սակայն չկան գաղափարներ: Նման ծրագրերը հնարավորություն ունեն ֆինանսավորվելու և իրականանալու այս պարագայում:

Անձնական պատասխանը սպասելի էր շատերի համար: Խաչատուր Սարգսյանը ծննդով գյումրեցի է, ծնվել, մեծացել, ուսում է ստացել հենց Գյումրիում, սակայն տևական ժամանակ բացակայել է հանրապետությունից: Վերադարձը համարում է պարտք ծննդավայրին: «Գալիս է մի տարիք, երբ զգում ես, որ պարտք ունես այն վայրի նկատմամբ, որը քեզ տվել է հնարավորություն դառնալ այն, ինչը կաս այսօր»,- ասաց ընկերության տնօրենը:

Gyumri 2

Հայաստանում, առավել ևս՝ Գյումրիում, ծրագիրը խիստ ռիսկային է համարվում ֆինանսական առումով: Որպեսզի 10 տարում ընկերությունը կարողանա փակել իրականացրած ծախսը, ապա եթե մեկ անձի համար սահմանվի 100 դրամ, անհրաժեշտ կլինի, որ օրական այդ օդային երթուղուց օգտվի 400.000 մարդ: Սա, ըստ պատասխանատուի, անիրական է նույնիսկ Երևանի համար:

Ֆինանսական մուտքի հնարավորությունը ծրագրի պատասխանատուն տեսնում է ենթակառուցվածքների գործունեությամբ:

25 կմ օդային երթուղու կառուցման համար պահանջվում է 200 մլն դոլար: Օդային երթուղին կախովի տրամվայ է առանց պարանների: Վերևում լինելու են ռելսեր:

Երթուղին անցնելու է քաղաքի ծայրամասային թաղամասերով: Սա արվում է քաղաքի համաչափ զարգացումն ապահովելու նպատակով:

Կլինի 15 կայարան, որոնք կունենան հանգստի տաղավարներ, առեւտրի կենտորններ, որոնք իրար հետ կկապվեն օդային երթուղով:

Գետնից 6-10 մետր բարձրությամբ, մինչև 500 կմ/ժ արագությամբ թեթև շարժակազմով օդային տրանսպորտը միմյանց կկապի 50 մետրից մինչև 2 կմ հեռավորությամբ կայարաններ:

Մեկնարկը կտրվի օդանավակայանի «Թռիչք» պայմանական անունն ունեցող կայարանից, հաջորդը կլինի Մսի կոմբինատ թաղամասի «Վերածնունդ»-ը, հետո հերթը կհասնի Նորավան թաղամասի «Հավատք» և Կոմիտաս փողոցի «Տաղանդ» կայարաններին:

Gyumri 3

Սա լինելու է ոչ թե քաղաքային, այլ այլընտրանքային տրանսպորտ: Գյումրու բնակիչների համար այլ գին է սահմանվելու, զբոսաշրջիկների համար՝ այլ: Մշակված է հատուկ ներքին վճարային համակարգ: Գյումրեցին իր քարտային 100 դրամով ստանալու է 50 երթի հնարավորություն, Երևանի բնակիչը նույն 50 երթի համար կվճարի 500 կամ 1000 դրամ:

Նմանատիպ առաջին փոխադրամիջոցը կառուցվել է Լոնդոնում, 1895 թվականին: Գյումրիում այն կկառուցվի նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Մենք արտոնությունների համար չենք դիմի, բայց եթե լինեն, չենք մերժի: 3 տարում ենք նախատեսել ավարտել համակարգը: Ունենք աշխատատեղերի մեծ սով: Մենք ոչ թե աշխատատեղ ենք բացում, որտեղ բանվորներն են աշխատելու, այլ աշխատելու են ռոբոտներ: Մեզ պետք են աշխատակիցներ, որոնք կկարողանան կառավարել այդ ռոբոտներին: Ամեն ինչ ավտոմատացված է: Նույն վագոնները չունեն վարորդներ, չկան հսկիչներ, իսկ Հայստանում մասնագետներ չկան, նորից միջոցներ ենք ներդնելու՝ նրանց պատրաստելու համար»,- ասաց Խաչատուր Սարգսյանը:

armtimes.com