
Ի՞նչ կհասցնեք տեսնել Գյումրիում 5 ժամվա ընթացքում
Մենք Գյումրի էինք այցելել մի քանի ժամով, ուստի անհրաժեշտ էր հնարավորինս օպտիմալ օգտագործել ժամանակը։
Նախնական պայմանավորվածության հանաձայն Վարդանանց հրապարակում մեզ դիմավորեց և Գյումրու հետ ընկերացրեց Գյումրի Տուր ընկերության համահիմնադիր Գոռ Թորոսյանը։
Երկու խոսք Գոռ Թորոսյանի մասին
Թեև Գոռը մասնգիտությամբ պատմաբան է, բայց մարզի և քաղաքի նկատմամբ սերը դրդել են որակավորվել որպես զբոսավար։ Եվ համառ ջանքերի ու թիմային աշխատանքի շնորհիվ հիմնել է տուրիստական կազմակերպություն։ Նա բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր է իրականացրել և շարունակում է իրականացնել Շիրակի մարզում։
Գոռը նախաձեռնել և կառուցել է առաջին սահցադաշտը Գյումրիում։
Այժմ ընկերների հետ կառավարություն են ներկայացրել մարզում էկոգյուղ ստեղծելու ծրագիր։
Միտքը հետևյալն է՝ ստեղծել 18-19 դարի ոճով գյուղական տնակներ և տեղացիներին ներգրավել զբոսաշրջիկության սպասարկաման շղթայի տարբեր օղակներում՝ սնունդ, գիշերակաց, երթուղիներ և այլն։
Գոռի նախաձեռնությամբ 2018 փետրվարին Ամասիայում տեղի ունեցավ Ձմեռային փառատոն՝ Winter Fest : Առանց պետական աջակցության և շատ սուղ բյուջեով նրանց հաջողվեց ծրագիրը կյանքի կոչել։
Գոռը Նոր Հայաստան կերտող այն երիտասարդներից է, ով խավարն անվերջ անիծելու փոխարեն փոքրիկ մոմ է վառում։
Անկախ հանգամանքներից, անբարենպաստ պայմաններից, ամենուր տիրող հուսալքությունից նա միշտ քայլ է անում, նախաձեռնում է, պայքարում է, ինչ որ բան է ստեղծում։
Եվ ահա հենց Գոռի ուղեցկությամբ էլ սկսեցինք մեր զբոսանքը։
10 Տեսարժան վայր Գյումրիում
Եվ այսպես՝ ստորև կներկայացնեմ Գյումրու այն 10 տեսարժայն վայրերը, ուր հասցրեցինք այցելել 5 ժամվա ընթացքում (բնավ այս ցանկը չի հավակնում ամբողջական համարվելու տիտղոսին) ։
1․ Վարդանանց հրապարակ
Վարդանանց Հրապարակը Գյումրու կենտրոնական և ամենամեծ հրապարակն է։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։
Այն ուղղանկյունաձև հրապարակ է և ընդգրկում է 280 x 140 մ տարածք։ Հրապարակին հատուկ շարմ են հաղորդում շատրվաններն ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված ազդեցիկ արձանախումբը, որը տեղադրվել է 2008 թվականին։
Հրապարակը շրջապատված է մի շարք կարևոր շինություններով.
- Գյումրիի քաղաքապետարան, շենքը նախագծվել ու կառուցվել է 2003-2010 թվականներին (արևելյան կողմ),
- 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (հարավային կողմ),
- 19-րդ դարի Սուրբ Յոթ Վերք եկեղեցին, և 1926 թվականին կառուցված «Հոկտեմբեր» կինոթատրոնը (հյուսիսային կողմ)
- 1927 թվականին կառուցված հյուրանոց (արևմտյան կողմ)
2․ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Եկեղեցին կառուցվել է 1860-ականներին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։
Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։ Ամենափրկիչը կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ։
Եկեղեցին այժմ վերանորոգման մեջ է։
Ամենափրկիչ եկեղեցու հետնամասում տեղադրվել են 20-ից ավելի խաչքարներ։
3․Յոթ վերք եկեղեցի
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցին կամ Սուրբ Յոթ Վերք եկեղեցին կառուցվել է 1874-1886 թթ., և ինչպես արդեն նշեցի գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։
Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։
Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն գյումրեցիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի։
Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։
Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝
- Հիսուսի տաճարին հանձնելը,
- Եգիպտոս փախչելը,
- Տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
- Խաչը տանելը,
- Հիսուսի մահը խաչին,
- Հիսուսի մարմնի ստանալը,
- Հիսուսի գերեզման դնելը։
1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել և ընկել են վայր։ Այդ գմբեթները հիմա դրված են եկեղեցու բակում։
Մեր այցի ժամանակ եկեղեցում պսակադրության գեղեցիկ արարողություն էր։
4․Աբովյան փողոց
Աբովյան փողոցի վրա կենտրոնացած են մի շարք հետաքրքրիր շինություններ՝
Ասլամազյան քույրերի պատկերասրահ,
Ինչպես նաև Երիտասարդական պալատը և Գեղարվեստի Ակադեմիան։
5․ Պոլոզ Մուկուչի արձանը
Պոլոզ Մուկուչն ամենահայտնի ու սիրված կատակասերներից մեկն է եղել Գյումրիում:
Նրա կատակներն ու հեքիաթները դարձել են խորհրդանշական քաղաքի համար և կատակի ու հպարտության աղբյուր բնակիչների համար:
6․Հայտնի Ֆիլմերի բակերը
Մենք այցելեցինք նաև հայտնի ֆիլմերից երկուսի բակ։ Նրանք զարմանալիորեն անխնամ էին ու կիսավեր
Մեր մանկության տանգո
Եռանկյունի
7․ Վարպետաց փողոց
Վարպետաց փողոցը Գյումրու այցեքարտերից է։ Այստեղ կարելի է այցելել երեք մեծ գյումրեցիների՝ Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի և Մհեր Մկրտչյանի թանգարանները:
Մենք հասցրեցինք այցելել միայն Մեծ Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի տուն թանգարան։
Գյումրի քաղաքի Սև բերդ կոչվող ամրոցն այսօր արդեն գործում է որպես մշակութային կենտրոն։
Ամրոցի ներսում՝ երկրորդ հարկում, նորոգվում են նաև սենյակներ, որոնք նախատեսվում է հետագայում դարձնել հյուրանոցային համարներ։
Համարները կկրեն այն քաղաքների անունները, որտեղից Հայաստանը օգնություն է ստացել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո։
Ավերման եզրին կանգնած այս գեղեցիկ կենտրոնն այժմ նոր շունչ է ստացել։
9.Մայր Հայաստան արձան
«Մայր Հայաստան», հուշարձան Գյումրիի հարավարևմտյան մասում է: Տեղադրվել է 1975 թվականին։
Հուշարձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
10․ Ռուսական եկեղեցի
Գյումրիում ապրում են հազարավոր ռուսներ: Գյումրիում է տեղեկայված ռուսական 102-րդ ռազմաբազան, և շատ ռուս պայմանագրային զինծառայողներ աշխատում են և ապրում Գյումրիում:
Ռուսական եկեղեցու առկայությունը հայերի և ռուսների դարավոր բարեկամության մասին է վկայում:
Եկեղեցին կառուցված է քաղաքի հարավային մասում: Այստեղ է գտնվում հին գերեզմանատունը, որը կոչվում է Պատվո բլուր :
Մինչև 19-րդ դարի սկզբները այս բլուրը օգտագործվել է որպես քրիստոնեական գերեզմանատուն, որտեղ թաղվում էին զինվորականները։
Բոնուս՝ Յաղլի Հաուս
Օրվա վերջում որպես բոնուս Գոռն առաջարկեց այցելել ևս մեկ վայր՝ համտեսելու Գյումրուն բնորոշ կերակրատեսակներից մեկը՝ յաղլին՝ արդար յուղով պատրաստված ու երեսին շաքարի փոշի ցանած խմորաթերթիկ։
Դրա համար լավագույն վայրը հենց Յաղլի Հաուս սրճարանն է, որը գտնվում է Գյումրու կենտրոնական ճեմափողոցում` Ռիժկովի 6\5 հասցեում:
Հաճելի վայր, որտեղ համտեսեցինք Գյումրու խորհրդանիշերից մեկը համարվող յաղլին և կիսվեցինք մեր տպավորություններով։
Շնորհակալություն Գոռին մեզ դիմավորելու, այս ողջ ընթացքում ուղեկցելու և հաճելի ժամանց ապահովելու համար։
Գյումրին կոնտրաստների քաղաք է
Այստեղ շատ նուրբ է սահմանը հնի ու նորի միջև, վշտի և ուրախության միջև, պարտությունների ու հաղթանակների միջև։ Գյումրին էմոցիոնալ քաղաք է։
Գյումրին մեզ համար այլևս երկրաշարժի հետ ասոցացվող կիսավեր քաղաք չէ։ Այլ քաղաք է հույսի, պայքարի, ուրախության, վերականգնման ու հաղթանակի։
Այցելե՛ք Գյումրի և վայելե՛ք հին քաղաքի անաղարտ կոլորիտն ու հաղորդակցվեք այնտեղ խնամքով պահվող մեր անցյալի հետ։
Գոռ Կարապետյան