GO UP
Image Alt

Toptrip.info

Ի՞նչ է պետք հաշվի առնել ռեզյումե կազմելիս

Ճիշտ և գրագետ ռեզյումե ունենալն աշխատանքի ընդունվելու գրավականներից մեկն է:

Այսօր շատ աշխատանքային կայքեր առաջարկում են ստեղծել ռեզյումե օնլայն տարբերակով՝ պարզապես լրացնելով ձևանմուշի համապատասխան դաշտերը: Օնլայն ռեզյումեները, սակայն, ոչ միշտ են օգնում, քանի որ մնում են տվյալ կայքում՝ այնտեղից օգտվող գործատուների համար: Շատ դեպքերում հարկավոր է լինում ինքնուրույն կազմել CV և ուղարկել տարբեր գործատուների էլեկտրոնային հասցեներին: Այս դեպքում, անշուշտ, հարկավոր է կազմել գրագետ ռեզումե՝ հետևելով ընդունված կանոններին:

Եվ այսպես, ինչպես կազմել գրագետ ռեզյումե, որպեսզի աշխատանքի ընդունվելու շանսերը հնարավորինս մեծ լինեն:

Հստակ ու կոնկրետ շարադրանք

Հիշեք, որ ռեզյումեն ինքնակենսագրություն չէ: Եթե ինքնակենսագրությունը պահանջում է ազատ շարադրանք, ապա ռեզյումեն պետք է ունենա հստակ կառուցվածք, որտեղ առանձին բաժիններով ներկայացվում են կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության, համակարգչային գրագիտության, մասնագիտական հմտությունների և անձնային որակների վերաբերյալ տեղեկություններ: Ցանկալի է, որ ռեզյումեի ծավալը չգերազանցի երկու էջը: Եթե փորձն ու հմտությունները բավական շատ են և գերանցում են նշված ծավալը, փորձեք ներկայացնել հիմնականում այն ինֆորմացիան, որն առավել շատ է համապատասխանում այն հաստիքին, որի համար ցանկանում եք դիմել: Մարդկային ռեսուրսների ղեկավարները նույնպես զբաղված մարդիկ են և ցանկանում են խնայել իրենց ժամանակը, ուստի քիչ հավանական է, որ ամենայն մանրամասնությամբ կընթերցեն երեք և ավելի էջից բաղկացած ռեզյումեները:

Կառուցվածք և արտաքին տեսք

Ռեզյումե կազմելիս հետևեք կառուցվածքի ստանդարտներին: Հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ են դիմում աշխատանքի համար, հաճախ չգիտեն, թե ինչպես պետք է կազմել ռեզյումեն, ինչ հերթականությամբ ներկայացնել ինֆորմացիան և այլն: Պետք չէ շատ անհանգստանալ, քանի որ գոյություն ունեն պատրաստի լուծումներ: Բոլորիս ծանոթ Microsoft Word ծրագիրը տրամադրում է ռեզյումեի պատրաստի նմուշներ: Անհրաժեշտ է ընտրել դրանցից մեկը, որն առավել դուր է գալիս, և լրացնել համապատասխան դաշտերը ձեր մասին ինֆորմացիայով: Դե, իսկ եթե Microsoft Word-ի նմուշները չեք հավանում, կարող եք ստեղծել ռեզյումե օնլայն ու միանգամայն անվճար առցանց գործիքներից: 

Ժամանակագրություն

Կրթության վերաբերյալ տեղեկությունները ռեզյումեի մեջ նշվում են դպրոցից սկսած, իսկ աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություները  սովորաբար հակառակ հերթականությամբ են ներկայացվում: Առաջինը պետք է նշել վերջին աշխատանքի մասին տեղեկությունները, և ապա նույն տրամաբանությամբ շարունակել՝ ցանկի վերջում ներկայացնելով ամենաառաջին աշխատանքի վերաբերյալ տեղեկությունները:

Գրագիտություն

Այո՛, այս կետը վերաբերում է ուղղագրությանն ու կետադրությանը: Տառասխալներով հարուստ ռեզյումեներն առաջին իսկ հայացքից կարող են նվազեցնել դիմորդի վերաբերյալ հետաքրքրությունը և հարցազրույցի հրավիրելու հավանականությունը, նույնիսկ եթե դիմում են խոհարարի հաստիքի համար: Եթե վստահ չեք ձեր ուժերին, խնդրեք որևէ մեկին սրբագրել ռեզյումեն նախքան այն ուղարկելը:

resume

Մասնագիտական հմտություններ և ձեռքբերումներ

Կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ (տարիների քանակ, պաշտոն և այլն) տրամադրելուց բացի, ցանկալի է նշել, թե ինչպիսի մասնագիտական հմտություններ ու ձեռքբերումներ ունեք: Սա ռեզյումեի ոչ պարտադիր, սակայն ցանկալի կետ է: Թվարկեք ձեր մասնագիտական հմտությունները, որոնք ոչ մի կերպ չեն արտացոլվել աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններում: Օրինակ՝ եթե դուք օտար լեզվի մասնագետ եք և աշխատել եք լեզվի կենտրոնում, սակայն կատարել եք նաև մասնավոր թարգմանություններ, մասնագիտական հմտություններում անպայման նշեք այդ մասին: Եթե մարքեթինգի բաժնի աշխատակից եք և ձեր մշակած ռազմավարության արդյունքում ընկերության վաճառքները մեծացրել եք, ձեռքբերումների բաժնում անպայման խոսեք այդ մասին՝ ներկայացնելով թվեր կամ տոկոսներ: Հիշեք, սակայն, որ այստեղ կարևոր է անկեղծությունը, և եթե չունեք հստակ ձեռքբերումներ, պարզապես շրջանցեք այս հատվածը:

Ոչ մասնագիտական հմտությունների և անձնային որակներ

Այստեղ նույնպես պետք չէ ավելորդ համեստություն անել. եթե ունեք կազմակերպչական, ղեկավարման հմտություններ, ճկուն եք և կարողանում եք արագ կողմնորոշվել խնդրահարույց իրավիճակներում, արդյունավետ կառավարել ժամանակը, ապա համարձակորեն նշեք այդ մասին: Եթե չունեք նմանատիպ հմտություններ և գործատուն չի պահանջում նշել, պարզապես շրջանցեք այս հատվածը:

Կոնտակտային տվյալներ

Այո՛, սա նույնպես կարևոր պայման է: Ռեզյումեում անպայման հարկավոր է նշել կապի այն միջոցները, որոնցով գործատուն կարող է կապվել ձեզ հետ: Մի՛ նշեք կապի միայն մեկ միջոց, քանի որ հնարավոր է՝ որևէ պահի ինչ-ինչ տեխնիկական խնդիրներ թույլ չտան այդ եղանակով կապվել ձեզ հետ: Անպայման նշեք էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար (եթե երկու հեռախոսահամար, նշեք երկուսն էլ): Կարելի է որպես կապի հավելյալ միջոց տեղադրել նաև սոցիալական պրոֆիլների հղումները:

Գրագետ ռեզյումեին ներկայացվող հիմնական պահանջները թերևս այսքանն էին: Մեր հաջորդ հոդվածներում կխոսենք նաև այն մասին, թե ինչ պետք չէ անել ռեզյումե կազմելիս:

Մաղթում ենք հաջողություն և հիշեցնում, որ ռեզյումե կազմելուց և ուղարկելուց հետո ձեզ սպասում է ավելի կարևոր փուլ՝ հարցազրույցը, որտեղ կարևոր են ձեր լավատեսությունը, մոտիվացիան և համարձակությունը: