Մարտունի քաղաքում զարգացման թափ է հավաքում ձիարշավային տուրիզմը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում զարգացման նոր թափ է հավաքում ձիարշավային տուրիզմը, որը նախորդ տարիների ընթացքում նախաձեռնել եւ արմատավորել է լրագրող, դպրոցի զինղեկ Տիգրան Բաղիշջանյանը:
Մարտունի քաղաքում ձիաբուծության եւ ձիարշավային տուրիզմի արմատավորման նախաձեռնության իրականացմանն ինքը ձեռնամուխ է եղել դեռեւս 2013 թվականից՝ դրամաշնորհային ծրագրով: Կարճ ժամանակում նա արդեն հասցրել է ունենալ զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից:
«Տարածքն անվճար եւ օժանդակության կարգով տրամադրել է Մարտունի քաղաքի բնակիչ Հրաչ Կարապետյանը: Սկզբից ձեռք եմ բերել  երկու ղարաբաղյան ձի, իսկ այսօր արդեն ունեմ 10-ը: Նախորդ տարի ունեցել եմ 45 հաճախորդներ, որոնց թիվն այս տարի կարող է լինել մի քանի անգամ ավելին, քանի որ այս պահի դրությամբ արդեն նախորդ տարվա համեմատ կրկնակի պատվերներ ունեմ: Ի դեպ, այս տարի արդեն հասցրել եմ ընդունել 2 զբոսաշրջիկների՝ Ճապոնիայից ու Ռուսաստանից: Եթե նախորդ տարիներին ինձ մոտ զբոսաշրջային սեզոնն ընթանում էր ապրիլ-նոյեմբեր ամիսներին, ապա այժմ այն սկսվում է փետրվարից: Ձիարշավային կամ հեծյալ տուրիզմը բավականին հեռանկարային ճյուղ է մեր քաղաքում, որը գտնվում է գեղատեսիլ լեռնային վայրեր տանող ճանապարհների խաչմերուկում՝ կապվելով Ագրիջայի սարահարթի, Վայոց Ձորի, Գառնի-Գեղարդի, Վարդենիսի լեռնաշղթայում գտնվող Մեծ եւ Փոքր Ալ լճերի հետ: Մեր հաճախորդները ձիերով հասնում են մինչեւ Սելիմի քարավանատուն, Մարտունուց դեպի հարավ-արեւելք ընկած Մթնաձորի ու Կոփոյ վարի յայլաղատեղեր, Ջերմուկ, արեւմուտքում՝ մինչեւ Աժդահակ լեռան փեշեր, Գեղարդ: Արդյունքը շոշափելի է եւ հուսադրող, ուստի նպատակադրվել եմ զարգացնել եւ առաջ տանել զբոսաշրջային բիզնեսի այս բավականաչափ հետաքրքիր ճյուղը»,-նշեց Տիգրան Բաղիշջանյանը:

Կարդալ ավելին` armenpress.am

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ