
Ռաֆթինգը Հայաստանում կամ երբ սանձում ես Դեբետը
#Վայելիր_Հայաստանը ահա այս կարգախոսով (և հաշթեգով 🙂 ) մենք շրջում ենք Հայաստանով մեկ՝ մեր և ընթերցողների համար բացահայտելով մեր հրաշալի երկիրը, հետաքրքիր վայրեր ու նախաձեռնություններ։
Մինչ այս եղել ենք Կալավանում, Գյումրիում և Դրախտիկում։
Համացանցում հետաքրքիր զբոսաշրջային նախաձեռնություններ փնտրելիս ի թիվս այլ բազմաթիվ գաղափարների հանդիպեցինք նաև Rafting.am Armenia նախաձեռնությանը։
Նախ ի՞նչ է ռաֆթինգը։
Ռաֆթինգ – լեռնային գետերի հոսանքի ուղղությամբ ռետինե նավակով 4-20 հոգանոց խմբերով թիավարում։
Այն Հայաստանում համեմատաբար նոր զարգացող սպորտաձև և էքստրեմալ տուրիզմի ուղղություն է։
«Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանի համառ ջանքերի շնորհիվ արդեն 3 ամիս է, ինչ մեր համաքաղաքացիները և օտարերկրյա հյուրերը կարող են օգտվել այս արկածային սպորտաձևից։
Ծրագրի իրագործմանը աջակցել է ՄԱԿ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի հայաստանյան գրասենյակը։
Որտե՞ղ գտնվում Rafting.am-ը
Ռաֆթինգի մեկնարկը տրվում է Դեբեդ գետի Ալավերդի քաղաքից դեպի Ախթալա տանող ճանապարահատվածի 7-րդ կիլոմետրից, որտեղ և ընդունում են հյուրերին։
Նախաձեռնության հեղինակները փորձում են հնարավորինս նպաստել տեղի բնական ու մարդկային պոտենցիալի և տուրիստական գրավչության բացահայտմանը։
Այս նպատակով բոլոր աշխատանքներում ներգրավված են բացառապես տեղացիներ։
Հաղթահարելով վախը
Ստանալով ջերմ հրավեր Լիլիթից՝ մեկնեցեինք Ախթալա։
Եթե անկեղծ՝ մի փոքր վախ կար, քանի որ առաջին անգամն էինք նման բան փորձում։
Բայց հմուտ հրահանգիչ Արամի հանդարտ և վստահ խորհուրդները մեր համարձակության չափաբաժինը ավելացրին։
Նա ներկայացրեց ամենակարևոր հրահանգները, տարբեր իրավիճակներում առաջին քայլերը և անվտանգության կանոնները։
Համապատասխան համազգեստը հագնելուց հետո մենք պատրաստ էինք։
Ջրում հայտնվելու պահից իսկ առաջ է գալիս լիակատար կախվածություն թիմի յուրաքանչյուր անդամից, հրահանգչից և արագ ու ճիշտ կողմնորոշվելու ունակությունից։
Դեբետն այդ օրը հիմնականում հանդարտ էր, բայց տեղ տեղ ալեկոծ, նույնիսկ թվում էր, որ հիմա նավակը շուռ կգա, բայց հրահանգչի հմտությունը ամեն բան պահում էր վերահսկողության տակ։
Նույնիսկ որոշ դեպքերում էքստրիմի չափաբաժինն էր ավելացնում՝ խելագար ալիքների ու քարերի արանքում նավակի 360 աստիճան պտույնտներ կազմակերպելով։
Ափերին հանդիպում էինք տեղացի ձկնորսների, որոնք բարեկամաբար ժպտում և ողջունում էին։
Կամ կամուրջների վրա անցորդների, որոնց մենք էլ այսպես էինք ողջունում։
Հանդարտ պահերին մեր ուղեկցիները պատմում էին ռաֆթինգի՝ որպես կոլեկտիվների համար թիմյբիլդինգի լավագույն ձևերից մեկի և Ախթալայի բնության և նշանավոր մարդկանց մասին։
Այս զրույցներն պարբերաբար ընդհատվում էին ալիքների հետ բախումներով և Արամի հրահանգներով։
Մի քանի չափազանց էքստրեմալ իրավիճակներում հայտնվեցինք՝ անցում մեծ քարերի մեջտեղով, անցում պատի կողքով, անկում և բախում։
Մեր տպավորություններն ու էմոցիաները բառերով չեն կարող փոխանցվել։
Այս ամենը փարձառաբար է պետք վայելել։ Խորհորդ ենք տալիս 😉 :
Ի պատիվ մեզ՝ քիչ սխալներ թույլ տվեցինք՝ հիմանկանում անշեղորեն կատարելով բոլոր հրահանգները․այդպիսով դարձանք մի էքստրեմալ ճանապարհորդական թիմի անդամ։
Մի քանի օգտակար խորհուրդ
- Ծանոթացե՛ք անվտանգության կանոններին և ստորագրեք այն։
- Անպայման վերցրե՛ք փոխարինող հագուստ․հավանականություն կա, որ ամբողջությամբ կթրջվեք։
- Ունեցեք ջրակայուն տեխնիկական միջոցներ այդ խելագար պահերը ֆիքսելու համար։
Որքա՞ն է տևում ռաֆթինգը
Սովորաբար երթուղին ներառում է 12 կմ և պահանջում 1 ժամ 20 րոպե, բայց մենք խնդրենցինք առաջին անգամվա համար կրճատել տևողությունը։ Մեր ռաֆթինգը տևեց 40 րոպե, անցանք 6 կմ Դեբետի երկայնքով։
Հասցրեցինք լավ թրջվել և նույնիսկ ջուր կուլ տալ։
Ավարտին չէինք հավատում, որ անցել է արդեն 40 րոպե, այս սպորտաձևն ամբողջովին կլանում է քեզ ու կորցնում ես ժամանակի զգացողությունը։
Ֆինիշում արդեն հանդիպեցինք Լիլիթին։
Վերադարձը պակաս էքստրեմալ չէր ՝ պիկապի բեռնախցում նստած:
Ճանապարհին Արամը պատասխանեց մեր մի քանի հարցերի և տվեց հավելյալ տեղեկատվություն։
Անձնակզմի անդամներից մեկը ցույց տվեց նաև իր օրվա որսը։
Վերջ ռաֆթինգն ավարտված էր, իսկ մենք թրջված, հոգնած ու վառ տպավորությունների տակ։
Նուռիկ կենտրոն
Լիլիթի հրավերով գնացինք Նուռիկ Կենտրոն, որը տեղում կառուցված գեղեցիկ ու հյուրընկալ հացատուն է, հուշանվերների խանութ-սրահ, զբոսաշրջային կենտրոն։
Երկու խոսք Լիլիթ Ասատրյանի մասին։
Որպես հանրային վառ դեմք ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից,միշտ տպավորված լինելով նրա նախաձեռնողականությամբ, բազմազբաղությամբ և հայրենասիրությամբ։
«Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիա»
Նուռիկ Թրեվլ զբոսաշրջային ընկերություն
Եվ սա միայն ինձ հայտնի ցանկն է։
Միայն վերջին երկու նախաձեռնություններում ներգրավված են երկու տասնյակից ավել տեղաբնակներ՝ հրահանգիչներ, խոհարարներ, հացթուխներ, մատուցողներ, ադմինիստրատիվ աշխատակիցներ և այլ։
Ինչպես նաև խոհանոցի համար անհրաժեշտ մթերքի մեծամասնությունը մատակակարում են տեղացի ֆերմերեները։
Rafting.am Armenian և NURIK Center-ը հանդիսանում են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի սոցիալական (ՀԵԿԱ) ձեռնարկությունները:
Երկու ձեռնարկությունների շահույթը ՀԵԿԱ-ն օգտագործում է իր ծրագրերի իրականացման նպատակով՝ մասնավորապես կանանց և խոցելի խմբերի ներկայացուցիչների համար նոր աշխատատեղերի ստեղծում, կանանց ձեռներեցության զարգացում, շրջակա միջավայրի պահպանություն:
Ախթալայի վանքը
Այդ ընթացքում կարճ տուր կազմակերպեցին նաև Ախթալայի Սրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (X դար) և վանական համալիրիի տարածքում՝ ներկայացնելով պատմությունը և մի քանի հետաքրքրի դրվագներ։
Մեր այցի ժամանակ եկեղեցու բակում ֆիլմի նկարահանումներ էին ընթանում։
Եկեղեցի
Դրամահատարան
Ամրոց
Գեղեցիկ տեսարանները շատ են՝ հարուստ պատմություններով։
Ախթալայում առաջին անգամ էինք, և այդ ամենը մեզ համար նոր էր ու խորհրդավոր։
Ջերմ զրույց սեղանի շուրջ
Այնուհետև Լիլիթը հրավիրեց ճաշի։
Գեղեցիկ ընդարձակ սրահ, ազգային մոտիվներ, ազգային խոհանոց և ոչ միայն, ջերմ անձնակազմ։
Ահավոր համեղ սնունդ։
Սեղանի շուրջ ջերմ զրույց ծավալվեց ռաֆթինգի, Նուռիկ կենտրոնի ներկա և հեռահար ծրագրերի մասին։
Շնորհակալության խոսք
Շնորհակալություն Լիլիթ Ասատրյանին մեզ հրավիրելու, ջերմ ընդունելության և հյուրասիրության համար։
Ինչպես նաև շնորհակալություն թիմի անդամներին մեզ դիմավորելու և ողջ ընթացքում ուղեկցելու համար։
Մտորումներ վերադարձի ճանապարհին
Օրն իսկապես հագեցած էր․վառ էմոցիաներ, նոր ծանոթություններ, հետաքրքիր տեղեկություններ։
Ես ամեն անգամ զարմանում եմ՝որքան մեծ մարդկային ու բնական ռեսուրսներ ունենք, որոնք դեռ բացահայտված չեն, ոչ միայն զբոսաշրջիկների այլև հենց մեզ համար։
Որքան հրաշալի է, երբ ինչ որ մեկը նախաձեռնում և պատասխանտվություն է վերցնում փոխել անբարենպաստ թվացող ներկան լուսավոր ապագայով։
Ետդարձի ճանապարհին տեղացի վաճառականներից գնեցինք թուզ, հոն, ազնվամորի։
Ներքին տուրիզմը մուլտիպլիկատիվ էֆֆեկտ ունի, ուստի այն խթանել ու զարգացնել է պետք։
Ուրեմն՝ #Վայելիր_Հայաստանը։
Մենք շարունակում ենք մեր որոնումները։
Հետևե՛ք մեզ
Այս կայքով
Մեր ֆեյսբուքի և ինստագրամի էջերով։
Եվ սպասեք մեզ ձեր գյուղում, քաղաքում, հյուրատանը, հանգստի կամ ժամանցի գոտում։
#Վայելիր_Հայաստանը
Ախթալայից կիասթրջված՝
Գոռ Կարապետյան