Վանաձոր. Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը

Վանաձոր. Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը

Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է: Այն հանդիսանում է Լոռու մարզի մարզկենտրոն և գտնվում է երկրի հյուսիսային մասում:

Վանաձորի կլիման մեղմ է, բարեխառն: Հունվարի միջին ջերմաստիճանը –4,2 օC է, հուլիսինը՝ 19,7 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 600 մմ: Բնակլիմայական պայմաններն առողջարանային են: Այստեղ կան առողջարանային և վերականգնողական համալիրներ, որտեղ կատարում են բժշկական ծառայություններ:

Վանաձոր
Վանաձոր

Նախկինում քաղաքը կոչվել է Ղարաքիլիսա, հետագայում վերանվանվել Կիրովական, այնուհետև՝ Վանաձոր: Միջնադարյան Ղարաքիլիսայի մասին տեղեկություններ համարյա չեն պահպանվել: Միակ վկայությունը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղն է: Այս բնակավայրը Քրիստոսից առաջ II դ. եղել է Մեծ Հայքի, իսկ X դ.՝ Կյուրիկյան թագավորության կազմում:

Քաղաքի ձևավորմանն ու զարգացմանը նպաստել է Թիֆլիս-Կիրովական-Լենինական երկաթուղու կայարանի, փոստատան և իջևանատների կառուցումը: Վանաձորում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Կարս, Արդահան, Բայազետ, Երզրում քաղաքներից գաղթած ընտանիքներ:

Քաղաքն ունի զարգացած հզոր արդյունաբերություն, հարուստ է բնական շինանյութերով՝ բազալտ, տուֆ, գիպս, կավ, շինարարական ավազ, ծծմբարջասպի պաշարներ:

Վանաձորն ունի մետաղահատ հաստոցների, մեխանիկական, էլեկտրական սարքավորումների գործարաններ, կարի, տրիկոտաժի, կոշիկի, կահույքի ֆաբրիկաներ, մսի, հացի, կաթի եւ կաթնամթերքի, պահածոների գործարաններ, երկաթբետոնյա կոնստրուկցիաների, շինարարական իրերի, ինչպես նաև թանկարժեք քարերի մշակման համար նախատեսված հաստոցների եւ սարքավորումների արտադրություններ: Այստեղ արտադրվում են քիմիական մանրաթել, ազոտաթթու, կալցիումի կարբիդ, մելամին եւ այլն:

Վանաձոր. պանորամա

Վանաձոր. պանորամա

Բնակչությունը զբաղվում է նաև պտղաբուծությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:

Վանաձորում գործում են պետական երկու բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղը և Վանաձորի պետական համալսարանը, ինչպես նաև ուսումնարաններ, երաժշտական, գեղարվեստի և սպորտային դպրոցներ։

Քաղաքում կան մշակույթի բազմազան նմուշներ, որոնք պահպնվում են Լոռի-Փամբակ գավառագիտական թանգարանում: Այստեղ է գտնվում Ստեփան Զորյանի տուն-թանգարանը: Ունի բուսաբանական այգի:

Գիշերային Վանաձորը
Գիշերային Վանաձորը

Վանաձորն ունի 30 հանրակրթական դպրոց, երաժշտական, նկարչական դպրոցներ, գրադարաններ, թատրոն, կինոթատրոն, սպորտդպրոց, մարզադաշտ, մարզահրապարակ, Երեւանի մանկավարժական համալսարանի մասնաճյուղը: Այստեղ է նաև «Վանաձոր» առողջարանը: Գործում են հիվանդանոցներ, պոլիկլինիկա, հիգիենիկ հակահամաճարակային տեսչության կենտրոն: Վանաձորում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդանիստը (2000 թ-ից) Սբ. Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, Սուրբ Օհան եկեղեցին, Ռուսական եկեղեցին, բազմաթիվ հուշաղբյուրներ, խաչքարներ, կոթողներ:

Այցելելով Վանաձոր՝ դուք կհանդիպեք պարզ մարդկանց, ովքեր պատրաստ են Ձեզ ջերմ ընդունել և զանազան հետաքրքրաշարժ պատմություններ պատմել…

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն