Վայոց Ձորի գանձերը կամ «հայկական Տանզանիա»

Yeghegis Armenia 2019

Այս անգամ որոշեցինք մեկնել Վայոց Ձոր՝ լեռնագնացների ամենասիրելի մարզերից մեկը՝ հարուստ բարձր լեռներով, գեղեցիկ  ժայռապատկերներով, քարանձավներով, բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, պատմամշակութային հուշարձաններով։

shatin-armenia

Նման առաջարկ ստացա Lost in Armenia նախագծի համակարգող Ռաֆայել Խուդոյանից։ Նախագծի նպատակն է բացահայտել Հայաստանի ամենագողտրիկ անկյունները, մշակել առանձնահատուկ տուրիստական երթուղիներ, և զարգացնել արկածային տուրիզմը։

Rafayel Khudoyan

Ռաֆայելը նախկին խաղապահ զորքերի զինծառայող է, ապրիլյան պատերազմի կամավոր մասնակից, պարզապես պարզ, հայրենասեր և իհարկե արկածասեր մարդ։

Մարատ Զաքարյան

Ռաֆայելի առաջարկով մեկնեցինք Վայոց Ձոր, որտեղ նախնական պայմանավորվածության համաձայն մեզ էր սպասում Մարատ Զաքարյանը, ով տեղում զբաղվում է տուրիզմի զարգացմամբ, ինչպես նաև մեղվապահությամբ։

Marat Zakaryan

Մարատ Զաքարյանը նաև  ազդեցիկ տեքստեր գրելու յուրահատուկ տաղանդով օժտված, աշխատասեր ու խարիզմատիկ մարդ է, ումից անվերջ կարելի է սովորել։

Շատին գյուղ

Մեր առաջին կանգառը Շատին գյուղում էր։ Այստեղ տները տեղակայված են հեքիաթ հիշեցնող բնապատկերներում՝  վեր խոյացող ժայռեր, գլխապտույտ առաջացնող խորությամբ ձորեր, վարար հոսող գետ։

Ընդհանրապես՝ այս տարածքներում պատմամշակութային հուշարձանների խտությունը շատ մեծ է. ամեն քայլափոխի կհանդիպես որևէ հինավուրց եկեղեցու կամ շինության, յուրաքանչյուրի տանը, բակում կգտնես որևէ մի հնություն՝ խաչքարեր, տապանաքարեր, կենցաղային առարկաներ։

Shatin Armenia

 Եղեգիս գետը

Տեղանքին առնաձնակի հմայք է հաղորդում Եղեգիս գետը, որը սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրությունից։ Գետի երկարությունը 47 կմ է։

Yeghegis River

Եղեգիս՝ կործանված խորհրդավոր քաղաք

Ինձ համար առանձնակի մեծ բացահայտում էր Եղեգիս արգելավայրը՝ Եղեգիս կործանված քաղաքով։

Yeghegis Church

Եղեգիսի արգելավայրը, բնության հատուկ պահպանվող տարածք է, ՀՀ 26 արգելավայրերից մեկը, ունի 4200 հա տարածք։

Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։ 15-րդ դարում Լենկ Թեմուրի և այլ զավթողական արշավանքներից, այնուհետև երկրաշարժի հետևանքով քաղաքն ավերվել է ։

Երբ քայլում ես ավերված տների, շինությունների մոտով ակամա պատկերացնում ես՝ ինչպես է կյանքն այստեղ ընթացել. մարդիկ աշխատել են, տներ են կառուցել, ընտանիք կազմել, ծիծաղել ու արտասվել։ Մի խոսքով կյանքը եռացել է։

Իսկ հիմա․․․

Yeghegis

Պարզապես լռություն է։

Yeghegis Armenia

 

Բեզոարյան այծեր

Ի ուրախություն մեզ՝ հանդիպեցինք նաև բեզոարյան այծերի մի ամբողջ հոտի։

Bezoar goat

Բեզոարյան այծեր հանդիպում են Հունաստանում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, Հայաստանում, Դաղստանում, ևս մի քանի այլ վայրերում։

Բեզոարյան այծը պոլիգամ է, ապրում է հոտերով։ Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նոխազներն ապրում են առանձին։

Այս կողմերում նրանց կարելի է շատ հաճախ հանդիպել։

Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը (Capra aegagrus aegagrus)։

Bezoar goat Armenia

Մենք չէինք էլ ակնկալում, որ կհաջողվի տեսնել նրանց։ Բայց մոտ 10 րոպե սպասելուց հետո նշմարվեցին առաջին մի քանի նոխազները, այնուհետև մի ամբողջ հոտ՝ մոտ 30-40 այծից բաղկացած։

Տեսարանը մեր աչքերի համար անսովոր էր, նույնիսկ էկզոտիկ։

Տարածքում բնակվում է  նաև կովկասյան ընձառյուծ, որը վերջին շրջանում բավական ակտիվացել է։

Շատ են նաև հայկական մուֆլոնները․ վերջին երկու կենդանատեսակներին մենք չհանդիպեցինք, բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ դեռ առջևում է :

Տեսնելով ու լսելով այս ամենը` ես կատակեցի, որ Վայոց Ձորը հայկական Տանզանիան է, հետո լեզուս կծեցի, հայտնի ու հարուստ որսորդների ականջը խուլ․․․ 🙂

Լավ, սա բոլորովին այլ պատմություն է։

Օրբելյանների դամբարանը

Եղեգիս գյուղում կանգ առանք  12-13 դարերին թվագրվող  Օրբելյանների տոհմական դամբարանի մոտ, որը գտնվում է հենց ճամփեզրին  և ի պատիվ համայնքի՝ բարեկարգ է ու լավ պահպանված:

Orbelyans

Զորաց վանք

Այցելեցինք նաև Զորաց վանք։ Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան կողմում: Կառուցել է Սյունաց Տարսայիճ Օրբելյան իշխանի թոռ, Սյունյաց մետրոպոլիտ  Ստեփանոս-Տարսայիճը:

Zorats Church

Տարածված է այն կարծիքը, թե այն զինվորական եկեղեցի է, զորքն աղոթել է բացօթյա: Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։ Այստեղից էլ ծնվել է անունը՝ Զորաց վանք։

 Հրեական գերեզմաններ

Եղանք նաև Եղեգիս գետի հենց ափին գտնվող հրեական գերեզմանատանը, որը  զբաղեցնում է  մոտ 1550 մ² տարածք։ jewish cemetery in armenia

Հայտնաբերվել են 64 ամբողջական տապանաքարերը և ավելի մեծ թվով տապանքարերի բեկորներ։

Ամենահին տապանաքարը թվագրվել է մ.թ. 1266 թվականով, իսկ ամենավերջինը` մ.թ. 1346։ Արձանագրությունների տարեթվերը ցույց են տալիս, որ գերեզմանատունը գործել է ավելի քան մեկ դար։

Jewish Cemetery

Նույնիսկ Երուսաղեմի փորձագետներն են հաստատում, որ դրանք ունեն հարյուրավոր տարիների վաղեմություն, դրանցից որոշներն էլ, ինչպես արդեն նշեցի թվագրվում են 13-րդ դարին։

«Արևի» հյուրանոց

Նախորդ տարի Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում բացվել է հետաքրքիր և շինարարական նորարական լուծումներով կառուցված «Արևի» հյուրանոցը: Ես շատ էի լսել հյուրանոցի մասին, ուստի չէի կարող պահը չօգտագործել այն անձամբ տեսնելու համար։

Arevi HotelՆախագծի հեղինակն է Գևորգ Գասպարյանը։ Հյուրանոցը կառուցված է բեռնատար արկեղրից և իր տեսակի մեջ  առաջինն է: Այս նախագծի հիմքում ընկած է բեռնատար արկղերի վերաօգտագործման կրեատիվ գաղափարը։

Հյուրանոցն ունի 10 հարմարավետ համար, դեպի Եղեգիսի կիրճը բացվող հրաշալի հարթակ և տեսարան։ Հյուրանոցի էներգամատակարարման հիմնական ռեսուրսն արևային էներգիան է, ահա այստեղից էլ անվանումը՝ «Արևի» հյուրանոց։

Աշխատակիցները մեծ ջերմությամբ ընդունեցին մեզ՝ հյուրասիրելով տեղի խոտաբույսերից պատրաստված թեյ։

Hotel Aarevi Armenia

«Արևի» հյուրանոցը հյուրընկալ կանգառ է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ իր երկրի բնության սիրահար յուրաքանչյուր հայի համար:

Արատես եկեղեցի

Մեր վերջին կանգառը Արատես գյուղն էր՝ Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։

Arates

Գյուղի գլխավոր պատմամշակութային շինությունը միջնադարում կառուցված Արատեսի վանքն է, որի անվանում  նշանակում է «արի և տես»:

Arates church

Արատեսի վանքը ունի բարդ և յուրօրինակ ճարտարապետություն: Արատեսի վանքը հայտնի էր որպես կենտրոն, որտեղ իրականացվել է ձեռագրերի պատճենում:

Չնայած այն հանգամանքին, որ այսօր վանքը կիսավեր վիճակում է, հին ճարտարապետական հուշարձանը, այնուամենայնիվ, չի կորցրել իր վեհ տեսքը, և հաստատ արժե անձամբ տեսնել այն:

Ի՞նչ չհասցրեցինք տեսնել

  • Շատիվանքը,
  • Գլաձորի համալսարանը,
  • Սմբատաբերդը,
  • Ցախաց Քար վանական համալիրը,
  • Սուրբ Կարապետ եկեղեցին,
  • Հերմոնի վանքը,
  • Սուրբ Նշան եկեղեցին,
  • Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ցանկը կարելի է շարունակել․․․

Լավ առիթ ևս մի քանի անգամ ետ վերադառանլու համար։

Թոնրի խորոված և ոչ միայն․․․

Օրվա վերջում հենց Արատես գյուղում մեզ համար ջերմ ընդունելություն կազակերպեցին՝ հյուրասիրելով  թոնրում պատրաստված խորոված, պահածոյացված մթերքներ և անարատ կաթնամթերք։

Armenin Barbecue

Սա բուռն օրվա առավել բուռն ամփոփումն էր՝ ջերմ զրույցներ, կենացներ, հումոր։

Barbecu Arates

Սեղանի շուրջ խոսելով մեր պատմության, ժառանգության ու հայրենասիրության մասին՝ բոլորս համաձայնեցինք, որ փսևդոհայրենասիրական ճառեր ասելու փոխարեն պարզապես անհրաժեշտ է հենց առօրյա կյանքում լինել «պրակտիկ հայրենասեր», օրինակ՝ ոչ միայն չախտոտել բնությունը, այլև սեփական նախաձեռնությամբ մաքրել ու պահպանել այն, քանդելու փոխարեն՝ կառուցել, քննադատելու փոխարեն՝ քաջալերել, պահանջելու փոխարեն՝ տալ։

Շնորհակալություն

Ի սրտե շնորհակալ եմ Մարատ Զաքարյանին ողջ օրը մեզ հետ անցկացնելու, իր պատմություններով այն գունավորելու համար։

Իմիջիայլոց՝ Եղեգիսում տուրեր կամ հյուրասիրություն կազմակերպելու համար կարող եք դիմել, իր թույլտվությամբ տեղադրում եմ հեռախոսահամարը՝+374 98 338 744 (Whatsapp, Viber) ։

Visit Yeghegis

Շնորհակալ եմ նաև Lost in Armenia նախաձեռնության հեղինակ Ռաֆայելին՝ առաջարկի և տեխնիկական աջակցության համար։

Որպես վերջաբան

Վայոց Ձորի զբոսաշրջային ներուժն ահռելի մեծ է և ցավոք դեռ ամբողջությամբ չբացահայտված ու չիրացված։

Կան առանձին լավ նախաձեռնություններ, բայց չկա միասնական պետական ռազմավարություն կամ միգուցե և կա, բայց դեռ խորը պահված է բյուրոկրատական դարակներում…

Հայրենիքը սիրելու համար նախևառաջ պետք է ճանաչել այն։

Ճանաչողությունը ձևավորում է սեր ու կապվածություն, իսկ դա այն պահպանելու, շենացնելու և առնվազն չլքելու նախապայմանն է։

 

Խորհրդավոր Եղեգիսից՝

Գոռ Կարապետյան

 

 

Նոր դասընթաց

Ներգնա Տուր Մենեջմենթի Դասընթաց

 

 

 

 

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն