
Ձմեռային հանգստի հայկական այլընտրանքները
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն դեկտեմբերի 21-22-ը մոտ երկու տասնյակ տեղացի մեդիա ներկայացուցիչների համար կազմակերպել էր ճանաչողական այց` Հայաստանի ձմեռային զբոսաշրջային ներուժը բացահայտելու և ներկայացնելու նպատակով։
Մինչ կներկայացնեմ մի նոր պատմություն, առաջարկում եմ ծանոթանալ նախորդ գրառումներին ևս՝
- Կալավան՝ փոքր գյուղի մեծ հրաշքը
- Ի՞նչ կհասցնեք տեսնել Գյումրիում 5 ժամվա ընթացքում
- Դրախտիկ կամ 21 հրեշտակների առեղծվածը
- Ռաֆթինգը Հայաստանում կամ երբ սանձում ես Դեբետը
- Հայկական ճամբար կամ «Սևանի հակառակ կողմը»
- «Երևան Զիփլայն Էյրլայնս». վախի, վայելքի ու զարմանքի 60 վայրկյան
- Լեռնանիստ. Ձմեռային տուրիզմի նոր կենտրոն Հայաստանում
- Վայոց Ձորի գանձերը կամ «հայկական Տանզանիա»
- Մի հաջողության պատմություն Դիլիջանից՝ «Պապանինո Հաուս»
- Յոթ սարն այն կողմ՝ «Թաթոյանների ջրաղացի մոտ»
Օր առաջին՝ «հայկական Սիբիր»
Առաջին կանգառը Աշոցքում էր` Միքայելյանների դահուկային կենտրոնում, որը կառուցվել է ԵՄ ֆինանսավորմամբ։
Դահուկային կենտրոնը գտնվում է անմիջապես վազքուղու հարևանությամբ։ Այն շատ կոմպակտ է և հարմարավետ․ բաղկացած է մի քանի սրահներից՝ 4 ննջասենյակ, որոնցում այս պահին կարող են գիշերել 14-15 մարզիկ, խոհանոց, հանգստի սենյակ:
Կահավորումը շատ համեստ է, միայն այն ամենը, ինչ անհրաժեշտ է գիշերն անցկացնելու համար:
Կենտրոնում առկա է ջեռուցման բարձրակարգ համակարգ, իսկ ամբողջ շինությունը կառուցված է այնպիսի նյութերից, որն ապահովում է բարձր ջերմակայություն:
Այս ամենն իրականություն է դարձել ի շնորհիվ դահուկավազքի միջազգային բազմակի չեմպիոններ Միքայելյանների ընտանիքի՝ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ։
Այս ընտանիքում բոլորը զբաղվում են դահուկավազքով՝ ներդնելով իրենց գիտելիքները, փորձն ու եռանդը տեղացի պատանիներին մարզելու գործում։
Ահա նաև նրանք՝ կենտրոնի սաները և մեր ապագա չեմպիոնները։
Տիկին Ալլան ազգությամբ ռուս է, բայց արդեն 23 տարի է ինչ տեղափոխվել է Հայաստան։
Արթուրը տեղական բարբառով կատակում է.
-Ալլային ռուսագան սիբիրներիցը բերի հայգագան սիբիրը։
Արթուրն իր կնոջ Ալլայի հետ մեզ արժանացրեցին շատ ջերմ ընդունելության և հյուրասիրության։Անհրաժեշտ գույքով ապահովելուց և հրահանգավորում անցնելուց հետո փորձեցինք սահել դահուկներով, որոշների համար դա առաջին անգամ էր։
Միքայելյանները երեկոյան հյուրընկալեցին մեզ նաև իրենց տանը՝ ներկայացնելով իրենց գործունեության և ապագա ծրագրերի մասին։
Աշոցքի դահուկավազքի կենտրոնում ստեղծված են բոլոր նախադրյալնները ձմեռային ակտիվ հանգստի համար։ Այցելե՛ք Աշոցք։
Արթուր Միքայելյանի հետ կապ կարող եք հաստատել իր ֆեյսբուքյան էջի միջոցով։
Ռաֆթինգ ձյան վրա
Հաջորդիվ էքստրեմալ փուլն էր՝ ռաֆթինգ ձյան վրա, նախաձեռնության հեղինակն է Գևորգ Վարդանյանը։
Ես փորձել եմ դասական ռաֆթինգ, և վստահ կարող եմ ասել, որ պակաս հետաքրքիր և էքստրեմալ չէ։
Ահա մի կարճ տեսանյութ «դեպքի վայրից» ? :
https://www.facebook.com/raftingarmenia/videos/2407370589591999/
Վերադարձ դեպի մանկություն (Yukigassen)
Մեր մանկության անբաժան խաղը՝ ձնագնդին, պարզվում է 1982 թվականից արդեն սպորտաձև է՝ «Yukigassen» անվամբ և նույնիսկ Հայաստանում գործում է ձնամարտի ֆեդերացիա։
Ֆեդերացիայի նախագահ Տիգրանն իր թիմով ապահովեց մեզ անհրաժեշտ «սպառազինությամբ» և կարճ հրահանգավորումից հետո բաժանվեցինք թիմերի՝ «դաժան մարտեր» մղելով միմյանց դեմ։
Արդյունքը՝ ոչ ոքի էր, բայց էմոցիաների տարափի առումով հաղթանակած էինք բոլորս։
Իմիջայլոց, այս տարի Ապարանում անց է կացվելու Ձնամարտի հայաստանյան մրցաշարը։ Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ Հայաստանի ձնամարտի ֆեդերացիայի պաշտոնական էջից։
Ձմեռային քայլարշավ (Snowshoeing)
Տիկին Ալլայի խոհանոցում տաք ճաշից ու զվարթ զրույցներից մեզ սպասվում էր չորրորդ «փորձությունը»՝ ձմեռային քայլարշավ (Snowshoeing):
Հայաստանում այս նախաձեռնության հեղինակն է լեռնային և ձմեռային քայլարշավների ուղեկցորդ Արշակ Մկրտչյանը։
Շատ զվարճալի, բայց միևնույն ժամանակ իրական վայրի պայմաններ համար անհրաժեշտ միջոց է ձյան հաստ շերտերի վրայով քայլելու և չսուզվելու համար։
Օրվա ամփոփում
Երեկոն ևս հագեցած էր։
Արշակը նաև երեկոյան ներկայացրեց snowshoeing-ի հնարավորությունների և անհրաժեշտ անվտանգության կանոնների մասին։
Լեռնադահուկային ալպինիզմի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Մարտիրոսյանը ներկայացրեց իրենց գործունեության, տվյալ սպորտաձևի հայաստանյան առանձնահատկությունների ու զվարճալի պահերի մասին։
Իսկ խոսքը գործի վերածեց հաջորդ օրը․ այդ մասին քիչ ավելի ուշ։
Օր երկրորդ՝ «բաղձալի ձյան հետքերով»
Քանի որ եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չէին ձմեռային զվարճանքների համար, որոշվեց փոխել ի սկզբանե նախանշված երթուղին։ Երկրորդ օրը պետք է այցելեինք Թեժ Լեռ, ապա նաև Լեռնանիստ։
Թեժ Լեռում դեռ կհասցնենք լինել, իսկ ահա Լեռնանիստի մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար առաջարկում եմ կարդալ իմ տարեսկզբյան գրառումը՝
? Լեռնանիստ. Ձմեռային տուրիզմի նոր կենտրոն Հայաստանում
Այսպիսով իրավիճակից ելնելով՝ առաջարկ եղավ մեկնել Հատիս։
Աշտարակ – Եգանյանների գաստրո բակ
Նախքան Հատիս մեկնելը Աշտարակում կարճ կանգառ ունեցանք Եգանյանների գաստրո բակում, որտեղ մեզ
հյուրասիրեցին ավանդական հայկական ուտեստներով և իհարկե սեփական արտադրության գինիներով։
Միջավայրը շատ տրամադրող է, ուտեստներն ՝ անկրկնելի, մոտեցումը՝ հոգատար։
Այս տեսանյութում Սեդրակ Եգանյանը ներկայացնում է իրենց նախաձեռնության մասին.
Yeganyans' Guest House and Wine Yard
Опубликовано Top Trip – Travel Blog Воскресенье, 22 декабря 2019 г.
Խորհուրդ կտամ անպայման այցելել և վայելել այս յուրահատուկ ջերմ մթնոլորտն ու համեղ խոհանոցը։
Հատիս
Մեր վերջին կանգառը, ավելի ճիշտ վերջին բարձունքը Հատիսն էր։
Հատիս լեռան լանջից՝ 2149 մ բարձրությունից, լեռնադահուկային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Մարտիրոսյանն ու ևս երկու դահուկորդ մեզ համար շատ տպավորիչ վարպետաց դաս կազմակերպեցին։
Ցուրտ, քամի, բարձր ճնշում, բայց այս ամենը արժեր հաղթահարել նման տեսարանների համար։
Հովհաննեսի և իր թիմի պրոֆեսիոնալիզմն արդեն մի քանի տարի է ինչ Հայաստանը գրավիչ է դարձրել Եվրոպացի պրոֆեսիոնալ դահուկորդների համար։ Եվ նրանց հոսքը գնալով մեծանում է։
Իմ տպավորությունները
Այցը միանշանակ հաջողված էր։ Մեր երկիրն ահռելի մեծ բնական, պատմամշակութային և մարդկային ռեսուսներ ունի, որոնց մեծ մասը դեռ բացահայտված և իրացված չեն։ Նման այցերը հենց միտված են այդ ներուժի բացահայտմանը և հանրայնացմանը։
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտե
Հատուկ շնորհակալություն կոմիտեի աշխատակիցներ՝ Գայանե Այվազյանին և Անահիտ Ոսկանյանին երկօրյա այցը ոչ միայն հավուր պատշաճի կազմակերպելու այլև ջերմ ու անկեղծ մթնոլորտ ձևավորելու համար։
Ինձ համար այս երկար պաշտոնական անվանումն այլևս պետական բյուրոկրատիական մարմին չէ, այլ սրտացավ, իրենց աշխատանքն ու երկիրը շատ սիրող ու հավակնոտ մարդկանց թիմ։
Հուսադրող թվեր
- Ներգնա տուրիզմ
Ըստ Վարչապետի հայտարարության՝ այս տարի ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք ներգնա զբոսաշրջության 12.8 % աճ։ Տարեսկզբին պարզ կլինի նաև աճը՝ ողջ տարվա կտրվածքով։
- Ներքին տուրիզմ
Ըստ ՀՀ Կառավարության պաշոտանական հայտարարության 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջային այցելությունները աճել են 45,7%-ով։
- Թվեր Արցախից
Ճանաչողական այցի շրջանակներում առիթ ունեցանք ծանոթանալ նաև Արցախի տուրիզմի վարչության պետ Արտակ Գրիգորյանի հետ, պարզ , հումորի նուրբ զգացումով, սրտացավ մարդ։
Պարոն Գրիգորյանից տեղկացա, որ այս տարի Արցախ են այցելել 40 000 և ավել զբսաշրջիկներ։ Ու այս թիվը դինամիկ աճում է, բայց անելքիները դեռ շատ են, թե՛ մարքեթինգային, և թե՛ ենթակառուցվածքների զարգացման առումով։
Որպես վերջաբան
Ես չեմ դադարում հիանալ և ավելի խորը սիրահարվել մեր հրաշք երկրին, զարմանալ նոր գողտրիկ անկյունների բացահայտումով, մարդկանց պարզությամբ ու ջերմությամբ։ Իսկ բացահայտելու դեռ շատ բան կա իսկապես։ Այնպես որ հետևե՛ք մեր բլոգին և միասին ավելի կբացահայտենք մեր սիրելի Հայաստանը։
P.S. Զբոսաշրջային կոմիտեն հաջորդ տարի ևս նախատեսում է նման այց կազմակերպել «Լոռվա ձմեռ» փառատոնի շրջանակներում։ Այնպես որ՝ «դբա լավը» ?:
Մի քիչ սառած, բայց շատ տպավորված՝
Գոռ Կարապետյան