Wizz Air ավիաընկերությունը մուտք կգործի Հայաստան.2020-ի ապրիլից թռիչքներ կիրականցվեն Վիեննա և Վիլնյուս

Wizz Air ավիաընկերությունը հաջորդ տարվանից չվերթներ կիրականացնի Հայաստան, լրագրողների հետ հանդպմանն ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:

«Վստահ եմ, որ սա շատ լավ կլինի Հայաստանի համար: Wizz Air-ի հեռանկարում տարբեր ուղղություններով չվերթներ իրականացնելն է», — նշեց նա:

Wizz Air բյուջետային ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոնն էլ նշեց, որ WizzAir-ը թռիչքներն իրականցնում է միայն Airbus A320 և A 321 օդանավերով, որոք ոլորտում ամենաժամանակակից են:

«Մենք չվերթներ իրականացնում ենք կետից կետ և չենք առաջարկում համակցող չվերթներ: Տոմսերը վաճառվում են օնլայն և մարդիկ ստիպված չեն լինի գնալ տուրիստական գործակալություն և այդտեղից գնել տոմսեր», — նշեց Ռադոնը:

Նրա խոսքով՝ ավիաընկերության առավելություններից մեկը նաև այն է, որ սպառողը միայն կվճարի այն ծառայությունների համար, որոնք ուզում է ստանալ:

«Ի տարբերություն մյուս ավիաընկերությունների, եթե դուք ուղեբեռի կամ սննդի կարիք չունեք, դրա համար չպետք է վճարեք, եթե ունեք 10 կգ պայուսակ, պետք է միայն դրա համար վճարեք», — ընդգծեց Ռադոնը:

Վերջինս նկատեց, որ այս ամենը կհանգեցնի թռիչքների մատչելիությանը և մարդկանց համար դրանց արժեքը ցածր կլինի:

Ռադոնն ասաց, որ ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից երկու ուղղությամբ չվերթներ կիրականացնի՝ Վիեննա և Վիլնյուս, շաբաթը երկու անգամ:

«Գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24.99 եվրոյից, արդեն կարող եք ամրագրումներ անել առցանց », — հավելեց նա

Խոսելով ընկերության ապագայից՝ Անդրաս Ռադոնն ասաց, որ մի քանի տարի հետո ունենալու են 300 օդանավ և նախատեսում է պատմության մեջ Airbus օդանավի ամենաշատ գնումն իրականացնել:

«Երբ ունենանք 300 օդանավ, 100 մլն ուղևոր կկարողանանք տեղափոխել, կունենանք 10 հազար աշխատակից, տարեկան 2000 նոր աշխատակից: Տարեկան շահույթում ակնկալում ենք 1 մլրդ եվրո», — եզրափակեց խոսքը նա:

 

Աղբյուր՝  infocom.am

Նմանատիպ գրառումներ