Երևանյան 7 պահպանված հնավայր, որոնց մասին քչերը գիտեն

Երևանում դեռևս շնչում են նրանից առաջ գոյատևած մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Երևանի ներկայիս տարածքում տեղի ունեցած պատմական իրադարձություները շատ կարևոր են հայ մշակույթի պատմության բաց էջերը լրացնելու համար: Այստեղ մենք կարող ենք ականատես լինել ժամանակի ստեղծած և ժամանակով գոյատևած տարբեր մշակույթների՝ սկսած վաղ ժամանակաշրջանից մինչև մեր օրերը:

1.Շենգավիթ

Շենգավիթ բնակատեղին գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում՝ Հրազդան գետի ձախ բարձրադիր ափին (Երևանյան լճի հարևանությամբ), Կուր-արաքսյան մշակույթի՝ վաղ բրոնզեդարյան զարգացած փուլի առավել լավ ուսումնասիրված հուշարձաններից է:

Շենգավիթի բնակատեղին տալիս է վաղ բրոնզեդարյան մշակույթի առավել ամբողջական պատկերը: Ուշագրավ են ինչպես քաղաքացիական՝ մասնավորապես բնակելի շենքերը, այնպես էլ պաշտպանական, տնտեսական և պաշտամունքային նշանակության կառույցները: Հետաքրքիր են շենգավթյան մշակույթին բնորոշ շարժական օջախները, որոնք սովորաբար դրվել են տների կենտրոնական մասում: Օջախն ունեցել է ինչպես տնտեսական, այնպես էլ ծիսական գործառույթ և հանդիսացել է ընտանիքի հաջողության խորհրդանիշը: ՀԳտնվում են Հայաստանի Պատմության թանգարանում:.

2.Ուրարտական դամբարան Երևանում

Երևան Մոլ. ճարտարապետական դետալների մեջ կարելի է հանդիպել ուրարտական սեպագրեր՝ իբրև ներքին հարդարման տարր: Բանն այն է, որ Երևան Մոլի տարածքում է գտվնում ուրատական մի դամբարան, որը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարով: Դամբարանը հայտնաբերվել է 1984 թ.-ին Արշակունյաց պողոտայի վրա շինարարական աշխատանքների ժամանակ:

Դամբարանը բիայնական է և կառուցված է եղել դամբարանադաշտի տարածքում: Այստեղ հայտնաբերվեցին նաև վաղ ու միջին բրոնզեդարյան ժամանակաշրջանով թվագրվող դամբարաններ: Դամբարանում գտնվեցին թասեր, ճրագ, օձագլուխ ապարանջաններ, դանակներ, գոտիներ, բրոնզե գամեր, գեղեցիկ հարդարված խեցեղեն և այլն:

3.Թեյշեբաինի կամ Կամիր բլուր

Ուրարտերեն URU D te-i-še-ba-i-ni ուրարտական քաղաք, որը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին: Քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի (մ.թ.ա. 685-645) կողմից՝ մ.թ.ա. VII դարում: Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը: Կարմիր Բլուրի պեղումները մեկնարկել են 1936թ. Բորիս Պիատրովսկու գլխավորությամբ: Առաջին օրը նրանք մոտենում են բլուրներին, սակայն ոչինչ այդտեղ դեռ չէր երևում, իսկ հաջորդ օրը հորդառատ անձրև է տեղում և նշմարվում են Կարմիր Բլուրի պարիսպները:

Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ հնագիտական արտեֆակտներ, ինչպես նաև գարու, ցորենի, կորեկի, սիսեռի մնացորդներ, խաղողի կորիզներ: Կարմիր բլուրում պահպանվել են աղյուսաշեն պատերի մնացորդները, հղկված բազալտե քարեր և սեպագիր արձանագրություններ:

Երկար դադարից հետո 2013 թ.-ին վերսկսեցին երբեմնի ուրարտական քաղաքի պեղումները և շարունակվում են մինչ օրս:

4.Ծիծեռնակաբերդ

Չկա մի հայ, որ այցելած չլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սակայն քչերը գիտեն, որ Ծիծեռնակաբերդի տարածքում դեռևս շնչում է հին ամրոցը: Ըստ ավանդության՝ այստեղ եղել է հայոց սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի երկրորդ հարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալին՝ Վահագն աստծուն և ահա այստեղից էլ առաջաացել է Ծիծեռնակաբերդ անվանումը: Ծիծեռնակաբերդի բլուրը ունի հզոր պարիսպներ և թվագրվում է վաղ երկաթի դարաշրջանով՝ մ.թ.ա. X դար:

Բլուրի գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Երևանի չորս կողմերը:

5.Դալմայի Բաղեր, Երևանի Բերդ

Երևանի բերդը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին:Վաղ միջնադարյան բերդը հավանաբար գնտվել է Կոնդ թաղամասում, այնուհետև ընդարձակվելով զբաղեցրել ներկայիս Երևանի «Արարատ» գինու գործարանի տարածքը: Բերդն ունեցել է գաղտնուղի, որը դուրս է եկել դեպի Դալմայի այգիներ, այնուհետև դեպի Հրազդան գետը՝ պաշարման ժամանակ գետից ջուր վերցնելու նպատակով: Քանդվել է 1930-ն թթ. Երևանի վերակառուցման ժամանակաշրջանում:

17-րդ դարում՝ Հայաստանի բաժանումից հետո, նրա արևելյան հատվածը անցնում է Սեֆյան Պարսկաստանին: Երևանի բերդի տարածքում էր գնտվում պարսից խանի պալատը: Այն գտնվում է Հրազդանի կիրճի հարևանությամբ: Պալատի դիմաց տարածվող այգիներում աճեցրել են միայն հայկական «Ոսկեհատ» խաղողի տեսակը, որից պատրաստվել է որակյալ գինի: Այդ պատճառով հաճախ պարսիկները հայերից խարջի (հարկ) դիմաց պահանջել են խաղողի այդ տեսակը: Պատահական չէ նաև խաղողի տեսակին տրված «խարջի» անվանումը։

Բոլորիս հայտնի Դալմայի բաղերը իրենց մեջ դեռևս պահում են մի շարք գաղտնիքներ: Դժվար է պատկերացնել, որ Երևանում կան այնպիսի վայրեր, որոնք կարծես կապ չունեն Երևանի հետ:

6.Կարմիր Բերդ

Կարմիր Բերդը հայտնի է նաև Կիզիլ կալա, Թազաքենդ, Գայախարաբա անվանումներով: Տեղանքը Կարմիր Բերդ է անվանվել տեղի բնակիչների կողմից: Ներկայումս գտնվում է Զովունի գյուղում:

Հնավայրը բաղկացած է ամրոցից և դամբարանադաշտից: Դամբարանադաշտում պեղվել է միջին բրոնզի, ուշ բրոնզի և երկաթի դարաշրջանի 197 դամբարան:

7.Երևանի Կարմիր Կամուրջ

Կամուրջը գնտվում է Հրազդանի կիրճում ՝ ներկայիս գինու կոմբինատի մոտակայքում: Կոչվում է «կարմիր», քանի որ այն կառուցված է կարմիր տուֆից: Նրա եկարությունը կազմում է 80մ, իսկ բարձրությունը 11մ:

Կառուցվել է 1676 թվականի Երևանի երկրաշարժից քանդված կամրջի տեղում: Կամուրջը կապել է Երևանի բերդը Արարատյան դաշտի հետ և գնտվել է Դալմայի այգիներից ոչ հեռու:

 

Աղբյուր՝  blog.168.am

 

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ